A far far away blog

Տունտունիկ

Posted by: enipra on: October 18, 2010

Երբեք չէի պատկերացնի, որ Փարիզում աշխատանք գտնելն ավելի հեշտ կարող ա լինի, քան վարձով բնակարան գտնելը: Հո՜ տառապանք չի էս վերջինը, մի մրցակցություն, մի իրար ձեռքից փախցնել, մի անհնար ու աներևակայելի թղթաբանություն ու գնեեեե՜ր, բա ոնց: Այ մարդ, էս մեծ քաղաքում ու նույնիսկ քաղաքից դուրս մի հատ պուճուր բնակարանիկի եղածն ինչ ա, որ չեմ գտնում արդեն մի ամիս ա: Բայց դե մի քիչ էլ համբերություն ու je vais y arriver !  Բնակարան ՋԱՆ, պախկվոցիի ոչ ժամանակ կա, ոչ հավես, մինչև հոկտեմբերի վերջ քեզ ժամանակ, շուտ արա, գտնվի:

 

 

Ես երգը հեչ կապ չունի, ուղղակի սիրում եմ, էսօր մի տեսակ հա ուզում եմ լսել :)

 

 

Posted by: enipra on: October 3, 2010

Ուղղակի ուզում էի, որ ես երգը բլոգումս լինի :)

Tags:

Վերջ ուսանողությանը!

Posted by: enipra on: September 19, 2010

Փաստորեն ստացվեց էնպես, որ խոստումս բացարձակ չկատարեցի ու հիմա բլոգումս գրում եմ միայն կյանքումս մեծ, լուրջ փոփոխությունների ժամանակ:

Վերջին անգամ գրել էի պրակտիկաս սկսելիս: Իսկ երեկ պրակտիկայիս վերջին օրն էր: Ու ահավոր լավ ստացվեց, որ հենց նույն օրը համընկան պրեֆեկտուրայի համար բժկական ստուգումներս ու նոր, արդեն ոչ թե ուսանողական, այլ աշխատանքային բնակության քարտիս (titre de séjour) ստացումը: Անցած շաբաթ պրակտիկայիս պաշտպանությունն էր, էսօր նոր վերջապես ամբողջ տարվա գնահատականներս ստացա փոստով, ու թեև դիպլոմս դեռ ձեռքումս չի, ամեն դեպքում արդեն հանգիստ շնչով կարող եմ ասել, որ վեեերջ, ես մագիստրոս եմ ու երկուշաբթի օրվանից սկսելու եմ աշխատել: :) Էլ ուսանող չեեեմ, վերջ քննություններին, կուրսայիններին ու այլ չարքերին :Ճ

2 օր առաջ էլ հրաժեշտի մաղարիչատիպ երեկո էի կազմակերպել պրակտիկայիս ֆիրմայում` էստեղ շատ ընդունված ավանդույթ, ամեն առիթով կազմակերպում են, մենակ խմելու առիթ լինի :)) Հիմնական թեման տարածս 1 շիշ հայկական «Ախթամար» կոնյակն էր, որը Փարիզի մի հայկական խանութից էի առել ու պինդ-պինդ պահել էդ օրվա համար: Նախ մի քանի հոգի Վիքիփեդիան քչփորելով հայտնաբերեցին, որ մեր կոնյակը 1900 թվին Փարիզում Գրան պրի ա շահել ու արժանացել «կոնյակ» կոչվելու իրավունքին, հետո էլ Չերչիլն էնքան տպավորված ա եղել Ստալինի նվիրած «Դվին» կոնյակով, որ սկսել ա տարեկան 400 շիշ պատվիրել: Դե իրենք էլ ոգևորված համտեսեցին, բայց քանի որ ավելի թեթև խմիչքների են սովոր` գինի, գարեջուր, հազիվ էին խմում ու բոլորը նույն բանն էին ասում` համեղ ա, լավն ա, մենակ թե շատ ուժեղ ա: :)

Հիմա հետաքրքիր տրամադրություն ա մոտս` մի քիչ տխուր, որովհետև արդեն հասցրել էի ահագին կապվել պրակտիկայիս տեղի ժողովրդին, բայց համ էլ ուրախ ու նոր, լավատեսական սպասումներով լի: :)

Շարունակեցինք

Posted by: enipra on: May 24, 2010

Վերադառնում եմ բլոգիս: Էս ընթացքում շատ, շատ-շատ բաներ են եղել, շատ նոր տեղեր, նոր մարդիկ, նոր տպավորություններ ու պատմություններ: Քիչ-քիչ կպատմեմ: Կփորձեմ սրանից հետո գրել ավելի կարճ ու ավելի հաճախ ու էլ չկորել :)

Առայժմ մենակ ասեմ, որ արդեն մեկ ամիս է՝ տեղափոխվել եմ Փարիզ, պրակտիկայի եմ գնալու մինչև սեպտեմբերի վերջ, անցած տարվա պես էս տարի էլ մեր աշխատանքային թիմում միակ աղջիկն եմ, էլի գործի ժամերին նկարելու ցանկությունից ձեռքերս քոր են գալիս, ու էլի դրա փոխարեն C# եմ գրմրում, իսկ մնացած ամեն ինչն ահավոր նոր է, հետաքրքիր:

Շրջապատված եմ լիքը լավ մարդկանցով, աշխատանքային ընկերներիցս մի քանիսն ինձ շատ մոտ երաժշտական, ֆիլմային և այլ ճաշակներ ունեն, մեկն էլ Կուբիկ Ռուբիկի սիրահար է, ապրում եմ Հայ ուսանողների տանը, ուզածս պահին գնում եմ հայկական եկեղեցի, հայկական խանութ, մետրոյում պատահաբար հանդիպում եմ ձեռքիս Ազնավուրի գրքով հետաքրքված տեղաբնակ հայերի… Այսքան տեսարժան վայրեր միանգամից ու քաղաքի գիժ ռիթմի ձեռքը կրակն ընկած ու հավերժ չհերիքող ժամանակ՝ դրանք բոլորն այցելելու համար… կարճ ասած՝ բարի գալուստ Փարիզ :)

Շնորհավոր Նոր տարի :)

Posted by: enipra on: December 31, 2009

Ցանկությունների ամպիկ իմ կողմից բոլորին :)

Խաղ` Photograb

Posted by: enipra on: December 12, 2009

Ֆեյսբուքում բզբզալու հետևանք… չնայած բզբզալը սկսվեց էս վիդեոյից: :)

Tags:

rssiconՇատ անգամ եմ ընկերներիս հետ խոսելիս հայտնաբերել, որ քչերն են տեղյակ, թե ինչ է RSS-ը ու թե ինչով այն կարող է օգտակար լինել հենց իրենց համար: Ընդ որում, նրանց մեջ կան մարդիկ, ովքեր կա՛մ աշխատում են ՏՏ (IT) ոլորտում, կա՛մ պարզապես ամեն օր ինտենսիվ օգտվում են ինտերնետից, այսինքն` ոչ թե սահմանափակվում են одноклассники-ատիպ սոց. ցանցերով ու էլ. փոտ ստուգելով, այլ կարդում են նորություններ, տարբեր տեսակի բլոգներ կամ հենց իրենք են բլոգի հեղինակ: Շատ եմ լսում «Ո՞նց էր բլոգիդ հասցեն» ու «Վաաա՜յ, հա մոռանում եմ մտնեմ, կարդամ» տիպի արտահայտություններ: Նման պարագայում RSS-ը կարող է դառնալ ամենալավ օգնականը, ամեն ինչ ձեր փոխարեն հիշողն ու ժամանակը խնայողը: Եթե դու արդեն օգտվում ես էդ հրաշքից, էս գրառումը քո համար չէ: :)

Նախ, ի՞նչ է նշանակում հենց հապավումը` RSS – Really Simple Syndication: Սահմանումն ըստ wikipedia-ի.

RSS նշանակում է XML ֆորմատի ընտանիք, որն օգտագործվում է վեբի բովանդակության հավաքագրման նպատակով : Ամենատարածված օգտագործման եղանակն է ստանալ բլոգում կամ տեղեկատվական կայքում հրատարակված վերջին հոդվածների կարճ բովանդակությամբ ցուցակը : Դրանք ստանալու համար օգտագործողը պետք է գրանցվի ագրեգատորի միջոցով, ինչը հնարավորություն կտա տեսնել վերջին թարմացումները առանց կայք մտնելու :

Անգլերեն քիչ թե շատ իմացողներին առաջարկում եմ նայել էս տեսանյութը, որտեղ ամեն ինչ շաաատ մատչելի ձևով բացատրվում է:

Եթե դեռ պարզ չէ, թե ով ում բարեկամն է, ստիպված ես կարդալ մինչև վերջ: :)

Սկսենք սզբից: Ենթադրենք` դու ինչ-որ հաճախականությամբ հետևում ես 10 բլոգի, 5 նորությունների կայքի: Ամեն օր կամ 2 օրը մեկ կամ էլ երբ կհիշես մտնում ես էս բոլոր կայքերը ու նայում` քեզ համար նորություն կա՞, թե՞ չէ: Եթե նորություն լինում է, հրաշալի է, բայց ավելի հաճախ ստացվում է, որ մտնում ես հենց այնպես, որովհետև ոչ մի հետաքրքիր բան էլ չի լինում: Ու ստիպված մտնում ես 1 ժամից, 2 ժամից, ավելի ուշ… Իսկ հիմա պատկերացրու, որ ոչ թե դու ես ընկնում կայքի նորությունների հետևից, այլ ինքն է քեզ տեղյակ պահում ամեն անգամ, երբ նոր բան է հայտվում իր էջերում: Հենց դա է RSS-ի նպատակը: Հաստատ տարբեր կայքերում հանդիպել ես RSS-ի լոգոյին, նույնիսկ եթե չես իմացել, թե դա ինչ է: Օրինակ, իմ բլոգի վերին աջ մասում կա էսպիսի մաս:

rss

Օրինակ, առաջինի վրա սեղմելիս հայտնվում է ամբողջ բլոգի բովանդակության թեթևացրած, լրահոսի տեսք ստացած տարբերակը (RSS feed) ու դրան բաժանորդագրվելու հնարավորութուն: Եթե արդեն ունես Google account, այսինքն` օրինակ, Gmail հասցե, առաջարկվող տարբերակներից խորհուրդ եմ տալիս ընտրել Google Reader-ը ու տեսնել, թե ինչ է կատարվում: Եթե ամեն ինչ բարեհաջող է, լրահոսը պետք է արտապատկերվի Google Reader-ի պատուհանում:  Նշանակում է` բաժանորդագրումը կատարված է: Հիմա նույն բանը կրկնում ես այն բոլոր բլոգների ու կայքերի համար, որոնց հետևում ես ու այսուհետ բավական է միայն բացել Google Reader-ը` տեսնելու համար, թե որտեղ ինչ նորություն է հայտվել: Բաժանորդագրումը կարելի է կատարել նաև 2-րդ տարբերակով: Google Reader-ի էջում սեղմել “Add a Subscription” կոճակը և ներմուծել RSS հոսքի հասցեն: Reader-ները այդ լրահոսները կարդալու ծրագրեր են, շատ տարբերակներ կան, բայց Google-ինն ամենատարածվածն է: RSS Reader-ները հնարավորություն են տալիս միայն նյութերին ծանոթանալու: Կախված կոնկրետ բաժանորդագրված հոսքից` երբեմն չեն երևում նկարները կամ տեսանյութերը, դրանք ամբողջությամբ տեսնելու, ինչպես նաև մեկաբանությունները կարդալու կամ նորը ավելացնելու համար արդեն պետք է այցելել բուն կայքերը:

Այսպիսով, RSS-ը ինֆորմացիայի ստացումը դարձնում է ավելի մատչելի, արագ ու արդյունավետ:  Բայց այն կարող է օգնել ոչ միայն տեղեկություն ստանալ, այլ նաև ցուցադրել, կիսել մյուսների հետ: Օրինակ, այս բլոգի աջ մասում երևում են իմ լսած վերջին երգերը, վերջին նկարներս ու եղանակի տեսություն, ու էդ բոլորի կողքին նորից կա RSS-ի լոգոն: Այդ ամենն արվում է շատ հեշտ: WordPress-ում կա RSS widget, որը կարող ես ավելացնել բլոգիդ ու այնտեղ արտապատկերել ցանկացած RSS հոսք: Եթե ես ուզում եմ, որ իմ բլոգի այցելուները տեսնեն, թե ինչ երգեր եմ լսում հենց այս պահին, գնում եմ իմ Last.fm-ի էջ, գտնում RSS-ի նարնջագույն լոգոն,

Last.fm RSS

պատճենում հոսքի հասցեն ու այն ավելացնում wordpress-ում: Վերջ :)

Այսօր RSS տրամադրում են գրեթե բոլոր կայքերը, այնպես որ նույնը կարելի է անել picasaweb-ի, flickr-ի ու շաաատ ուրիշների համար: Ուրախալի է, որ այն տարածում է գտնում նաև հայկական կայքերում` հատկապես լրատվական:

Հույս ունեմ` գրառումս օգտակար կլինի շատերի համար: Եթե հարցեր ունենաք, գրեք: :)

Tags: ,

Գրաֆֆիտի

Posted by: enipra on: October 30, 2009

Գրաֆֆիտի սիրել եմ միշտ: Փոքր ժամանակ ո՜նց էի հիանում մեր թաղամասի շենքերից մի քանիսի ներսում արված նկարներով: Հետո դպրոցի ճանապարհին, էդպես էլ կիսավարտ մնացած մետրոյի կայարանի դարպասներին մի քանի գրաֆֆիտի հայտվեցին, ամեն անցնելուց զմայլվում էի, հրաշքի պես բան էր ինձ համար: Դպրոցական բարձր դասարաններում էլ գունավոր ֆլոմաստերներ էի հետս ման տալիս ու իբր թե գրաֆֆիտիատիպ եռաչափ բաներ էի նկարում, գրմրում բլոկնոտումս: :)) Հետո մի քանի անգամ ստից-մտից փորձեցի կոմպով ու էլ չշարունակեցի: Հաաա, այսինքն հիմա էլ Ֆեյսբուքի Graffiti ծրագրով եմ բզբզում, բայց դե էդ հեչ: :D

Բայց ես իրոք հասկացա, թե ինչ ա գրաֆֆիտին, երբ եկա էստեղ: Դե Փարիզի մետրոյի խզբզած պատերի մասին չեմ պատմելու, այլ հենց իմ քաղաքի` Կլերմոն-Ֆերրանի սիրուն նկարազարդած պատերի: Շատ ա եղել, որ փողոցով քայլել եմ, ընդ որում` քաղաքի կենտրոնական մասերում, մեկ էլ հոպ, մի հատ սիրուն նկար կողքի պատին:  Մեկ-մեկ էնքան ռեալիստական, որ ուղղակի վեր ես թռնում: :)) Էսօր փորփրեցի ինտերնետն ու հայտնաբերեցի, որ տեսածս համարյա բոլոր գրաֆֆիտիների հեղինակը նույն մարդն է` 30քանի տարեկան երիտասարդ` keymi մականունով:

Հետաքրքիր էր ուսումնասիրելը: Ասում է` ուրիշ քաղաքներում երբեք չես տեսնի գրաֆֆիտիներ երևացող տեղերում, բոլորը ջնջում են, վերացնում, իսկ Կլերմոնում ավելի խելամտորեն են վերաբերվում, ընտրում են` ինչը թողնել, ինչը` չէ: Արդեն 4-5 տարի է` նկարում է, ու բնականաբար գործերի մեծ մասն այլևս չկա: Դե, ինչքան էլ ընտրեն, վերանորոգում է, հազար ու մի բան է, մի մասն էլ ստիպված են մաքրում: Բայց ինքն էնքան հանգիստ է վերաբերվում, ասում է` էն պահից, երբ գործն ավարտված է, էլ իմը չէ, փողոցինն է, մարդկանցը: Համ էլ գիրք է հրատարակել 2007-ին, որտեղ պատմում է իր գործունեության, ներկա ու պատմություն դարձած գործերի մասին: Արդեն անհատական պատվերներ է ստանում, ինտերիերներ ձևավորում իր գործերով, վատ չի:

Տեսնես շա՞տ մարդ կա էս քաղաքում, ով դժգոհում է, որ իր քաղաքի պատերին նկարում են ու ամեն անցնելիս փնփնթում է քթի տակ: Հետաքրքիր ա մարդկանց վերաբերմունքը: Ինձ, օրինակ, ամեն գրաֆֆիտի դուր չի գալիս, բայց շատերը  տեսարժան վայրի, քաղաքի այցեքարտի պես բան կարող են դառնալ: Ես, օրինակ, ավելի մեծ հաճույքով կգնամ մի ընտիր գրաֆֆիտի ուսումնասիրելու կամ մոտը նկարվելու, քան ինչ-որ միջակ արձանի կամ թատրոնի շենքի: :)

Իմ ապարատով ֆիքսած գրաֆֆիտիները.

Մնացածները, որոնք ես դեռ չեմ տեսել կամ որոնք արդեն անհնար ա տեսնել, որովհետև վերացվել են, կարող եք նայել էս բլոգում, որն ինքը` keymi-ն, չի վարում, բայց իր գործերի մասին է: Շատ լավերը կան, արժե նայել: :)

Ֆրանսերեն իմացողներն էլ կարող էն նաև կարդալ էս հարցազրույցը: Դե իր մասին էս տեսանյութը նայելիս էլ է ֆրանսերենի իմացությունը ցանկալի, բայց կարելի է ուղղակի իր գործերի համար էլ նայել, եթե գրաֆֆիտիի հետ շատ սեր ունեք: :)

Էս մեկում էլ կարելի է տեսնել, թե ոնց է աշխատատում:

Պրծ!

Բացահայտում շագանակների կյանքից

Posted by: enipra on: September 28, 2009

Պապաս մի քանի լավ շագանակենու տեղ գիտի էստեղ: Անցած տարի մի անգամ գնացինք իբր հավաքելու, էն էլ հիասթափությամբ պարզեցինք, որ սեզոնը վերջացել է, ու մեզ միայն չորացած, ցամաքած մի քանի շագանակ (каштан) էր սպասում: Էսօր որոշեցինք չուշացնել ու նորից գնալ: Դե հավաքել ասածն էլ հո ծառ բարձրանալ չի նշանակում, այլ ուղղակի արդեն հասած, ընկածները գետնից հավաքել, իսկ էդպիսիք ահագին շատ էին, մի քանի րոպեն մեկ էլ նորերն էին ընկնում:

Ես էլ հավաքելու պրոցեսից էնքան հաճույք էի ստանում, որ ուզում էի անընդհատ նորերն ընկնեն, ես էլ հա հավաքեմ` առանց մտածելու, թե էդ հավաքածը հետո ո՞վ է էդքան ուտելու: :D Բայց էդ ամենը մի կողմ, ես ինձ համար մի փոքր բացահայտում արեցի. ամոթ ինձ, բայց չնայած էս տարիքիս` չգիտեի, թե շագանակներն ինչպես են աճում: Մեր իմացած պտուղը փշոտ, շատ ծակծկող գնդաձև կեղևի մեջ է: Սա արդեն հասած ու բացված վիճակում.

Շագանակ

Էս էլ մեր ավարը: Մի 2-3 կգ կլիներ ամենավերջում: :)

Ավար

Հարսանեկան համեմատություններ

Posted by: enipra on: September 28, 2009

Bride_GroomՄինչև հիմա մի քանի դեպք եղել է էստեղ, որ մտել եմ եկեղեցի ու հայտնաբերել, որ պսակադրության արարողություն է, մի քանի րոպե կանգնել ու հետևել եմ ընթացքին: Բոլորն էլ բավական համեստ էին, քիչ մասնակիցներով, առանց ավելորդ ճոխությունների: Բայց արարողության բուն ընթացքը շատ էր զարմացրել: Ֆիլմերում շատ եմ տեսել, որ հուղարկավորության ժամանակ բոլոր ցանկացողները արտահայտվում են, պատմում իրենց հիշողությունները: Բայց չգիտեի, որ պսակադրության ժամանակ էլ էդպիսի բաներ կան: ՈՒրեմն հյուրերի մի մասը հենց եկեղեցում վերցնում է բարձրախոսն ու շնորհավորում նորապսակներին, հիմնականում նախօրոք պատրաստած տեքստ են ասում, ինչը հաճախ ընդգրկում է ինչ-որ անակնկալներ, կատակներ, անեկդոտներ, հռհռոց, քույրիկիս ասած` մե ծիծաղ, մե ուրախություն: :D Մեր խիստ կանոնակարգված պսակադրություններից հետո էնքան անսովոր է էդ ամեն ինչը: Բայց պարզվում է` ամեն ինչը չի էդքան տարբեր:

Երեկ տեսնեմ ֆրանսիացի ծանոթներիցս մեկը Ֆեյսբուքում ինչ-որ ինձ անծանոթ մարդկանց հարսանիքի նկարներ էր դրել: Ամեն դեպքում հետաքրքրեց, մտա նայեցի բոլորը` զագս, պսակադրություն, հարսանիք: Ամեն նկարի հետ մտածում էի` բայց չէ, լավ, էդքան էլ տարբեր չեն, հայավարի բաներ էլ ունեն: Հարսն ու փեսան տեղաշարժվում էին լիմուզինով, ամեն ինչ սպասածիցս ճոխ էր, հարսանիք ռեստորանում` լիքը մարդ, մեեեեծ տորթ…  Հենց էս նկարներն էի փոխում ու համեմատական խառը մտքերի մեջ էի, մեկ էլ մեքենաների ազդանշանների ձայներ եմ լսում: Մի պահ նույնիսկ թվաց` Երևանում եմ: Նայեմ դուրս ու ի՞նչ տեսնեմ… այ քեզ զուգադիպություն, հարսանեկան մեքենաների շքերթ! Մանր ժապավեններով զարդարված մեքենաների հսկայական շարք, ամբողջ ուժով սիգնալ տալով, անցավ հենց պատուհանիս տակով: Ինչ-ինչ, բայց էս մի բանը եվրոպացիներից բացարձակ չէի սպասում: :))

enipra

-Իսկ դու ո՞վ ես:
-Ե՞ս… աղջիկ:



=)

Մուտքագրիր քո էլ. փոստի հասցեն` այս բլոգին բաժանորդագրվելու և նոր գրառումների մասին էլ. փոստով տեղեկացվելու համար:

Join 8 other followers

Follow

Get every new post delivered to your Inbox.