A far far away blog

Archive for Հունիսի 2009

Շատ տխուր է, դեռ չեմ հավատում: Միլիոնների կուռքը էլ չկա: Կյանքից հեռացավ 50 տարեկանում, սրտի անբավարարությունից, Կալիֆորնիայի հիվանդանոցներից մեկում:

Որքան գիտեմ, մոտ ժամանակներս պատրաստվում էր նոր, ցնցող շրջագայության երկար լռությունից հետո ու լիքը նոր ծրագրեր ուներ, ափսոս:

Համոզված եմ` իրեն միշտ կհիշեն: Փոփի արքա տիտղոսն էլ, հույս ունեմ, երբեք ոչ ոք չի խլի: Էէէ՜հ… :(

Պիտակներ՝ ,

Մեր աշխատավայրում պարբերաբար նոր համակարգչային սարքեր են հայտնվում` ըստ աշխատողների ավելացող պահանջների: Տեղադրողները մինչև հիմա միշտ տղամարդիկ էին, բերում են, շատ արագ տեղադրում, կարգավորում, ստուգում, ժպիտով հրաժեշտ տալիս ու գնում: Իմ կոմպի տեղադրումն էլ էր նույն կերպ, 15-20 րոպե հազիվ տևեց: Էսօր էլ աշխատողներից մեկին 2-րդ LCD մոնիտոր էին բերել, բերողն էլ` առաջին անգամ կին: Քանի որ ինձ շատ մոտ  էր, աչքի պոչով հետևում էի: Մտավ արագ, նիհարիկ էր, հազիվ մի 25-28 տարեկան, կիսատղայավարի հագուկապով ու շարժուձևով, մազերը չխնամված ու պոչ հավաքած, մի ահագին մեծ տուփ ձեռքին: Բերեց, արագ քանդեց արկղը, դատարկեց, սկսեց հավաքել եղած-չեղածը: Մոնիտորի ապագա տերը (տղամարդ) փորձում էր գոնե ձեռք մեկնել, լարերը ինքը միացնել, բայց դե նա դրա կարիքը բնավ չուներ: «Երկու մոնիտորներն էլ նույն բա՞նը պիտի ցույց տան»: «Այո»: Մի երկու հատ էլ շարքային հարց: Ճտ-ճտ-ճտ, վերջ, բոլոր անհրաժեշտ կարգավորումներն արեց հենց ոտքի վրա, բոլորին լավ օր մաղթեց ու կորավ: Հետո զգացի, որ դեռ մի քանի րոպե անընդհատ ինքն էր մտքումս, մտածում էի` տեսնես սիրո՞վ է անում էդ գործը… Է’, դե, ինչ ուզում է լինի, կնոջը չի սազում, էլի, նման գործ, չի սազում ու վերջ!

Պիտակներ՝ ,

Ես ու ինժեներությունն իրար հետ կապ չունենք բարեբախտաբար, բայց եթե դիպլոմիս նայենք, ես էլ եմ “engineer” :)))

Պիտակներ՝ ,

Ոչ մեկի համար գաղտնիք չի, որ հայերը բողոքելու վարպետ են, թեմա լինի, բողոքենք: Ճիշտ է` լավ կյանքից չի գալիս, բայց դե… Ամեն դեպքում բողոքում են բոլորը ու էն էլ էսպիսի հետաքրքիր ֆորմատով: Համ իրենց ներսի կուտակվածն են ասում, համ էլ դրական լիցքեր են փոխանցում: Մեր ընդդիմությանն ու տարբեր հասարակական կազմակերպություններին առաջարկում եմ հետ չմնալ! Ուղղակի մերոնք կարող է էնքան ոգևորվեն, որ 1 բողոքերգի փոխարեն մեզ պարգևեն բողոքօպերաներ: :D

Ավելացում.

Այ եթե դուք լինեիք էսպիսի երգչախմբի անդամ, ինչի՞ց կբողոքեիք առաջին հերթին: Եթե նկատեցիք, թեմայի սահմանափակում չկա, բողոքները կարող են լինել  ահավոր անհեթեթ ու խելառ, համաշխարհային, զուտ կենցաղային, ինչպիսին կուզեք:

Ես, օրինակ, կբողոքեի լիքը բաներից, հենց այս պահին սրանք են տեղին` ինչո՞ւ եմ միշտ հիվանդանում ամենաթարս ժամանակ, երբ լիքը բան ունեմ անելու,  ինչո՞ւ պիտի սենյակիս պատուհանը բաց թողած ժամանակ ստիպված լինեմ 24 ժամ լսել արաբերեն խոսակցություններ, արաբական երաժշտություն ու Սկայփի ծլնգոցներ, ու ամենակարևորը` ինչո՞ւ է վաղը երկուշաբթի, հը՞: :D

Պիտակներ՝ ,

Էս քանի օրը քչփորում էի Միշլենի հսկայական ներքին ցանցը, մեկ էլ տեսա լոգոներ` տարբեր լեզուներով կարգախոսներով: Չէի սպասում, որ հայերեն էլ կլինի, բայց կար ու վայ էն լինելուն: Մտածում եմ` կարող է ճապոնացի է թարգմանել, ինչ-որ շատ անտաղանդ չի՞:

Michelin_logo_frmichelin_logo_en

michelin_logo_rumichelin_logo_am

Մինչև ուշ գիշեր ամենահայտնի ռուս դիզայների` Լեբեդևի ճամփորդական բլոգն էի կարդում` Ֆիջի, Գրենլանդիա, Նոր Զելանդիա, Ավստրալիա… Աստված իմ, ոնց էի նախանձում: Այդպես մարդ կարողանա վեր կենալ ուզած ժամանակ, վերցնել ֆոտոապարատը ու հայդե ուզածդ երկիրը: Մեկ գլոբուս, մեկ դու, գնա ուր ուզում ես:

Առավոտյան 6:50 մի կերպ անջատեցի զարթուցիչս, բայց երազս դեռ շարունակվում էր: Օդանավակայանում էինք փոքր քրոջս հետ (Սեդ :)): Ուր էինք գնում` չգիտեմ, բայց իբրև թե Փարիզում էինք այդ պահին ու պատրաստվում էինք թռիչքի: Ստուգումներ-բան… Քնաթաթախ ձեռքս ձգեցի, հեռախոսս բերեցի մոտ, աչքերս հազիվ մի փոքր բացեցի, 7:15 էր:  Միջանցքում ոտնաձայներ էին անընդհատ: Ըհը, հեսա էլի քույրիկս կմտնի ու կսկսի աղմուկով զարդերը քչփորել, գիտի էլ` տանել չեմ կարողանում, երբ էդպես է անում, չէ բայց, ինքն էսքան շուտ արթուն չի լինի: Մաման է հաստատ, այ հիմա դուռը կբացի ու կասի, որ ուշանում եմ: Աչքերս մի քիչ էլ բացեցի, շուրջս նայեցի:

Միջա՞նցք… ախր ես միջանցք չունեմ…

Քիչ մնաց` ընդամենը 4 երկուշաբթի:

Պիտակներ՝ , ,

Միշլենում իմ ու ևս 9-10 հոգու անմիջական շեֆը մի երիտասարդ ֆրանսիացի է, նրա նմանները մի քանիսն են մեր հարկում, իսկ էդ բոլորի ղեկավարն ամերիկացի է, ով երևի վաղուց է էստեղ, շատ լավ խոսում է ֆրանսերեն: Թեև խոսում է ամերիկավարի, անգլերենի պես կլորացնելով, բայց ամեն դեպքում հաստատ շատ ավելի լավ, քան ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը` անգլերեն: Իր նման մի քանիսն էլ կան Ամերիկայից, շատ է լինում, որ միջանցքով քայլում են, միասին անգլերեն են բլբլացնում, իսկ մյուս աշխատողներին դիմելիս` ֆրանսերեն: Ուրբաթ օրը մի նոր ամերիկացի կին էր եկել, ֆրանսերեն չգիտեր, ստիպված ֆրանսիացիներն ամեն մեկն իր ուժերի ներածի չափով փորձում էր անգլերեն մի քանի նախադասություն կապել իրար, մի մասին հաջողվում էր, մյուսներին` ոչ այդքան:

Նույն օրը երեկոյան ստանում ենք նամակ հետևյալ բովանդակությամբ.

«Բարև բոլորին,

մեր թիմի համաշխարհային մրցունակությունը բարձրացնելու համար հունիսի 8-ից սկսած ղեկավար կազմը կխոսի`

— անգլերեն` ամսվա զույգ օրերին,

— ֆրանսերեն` ամսվա կենտ օրերին:

Խաղի կանոններն են.

  1. շրջանառվող հիմնական լեզուն շարունակում է մնալ ֆրանսերենը, բայց աշխատողներին հնարավորություն է տրվում բարելավել իրենց անգլերենը ղեկավար կազմի հետ,
  2. էլ. նամակագրությունը կլինի ֆրանսերեն` բացառությամբ ղեկավարների միջև նամակագրության, որը կարող է լինել նաև անգլերեն,
  3. միմյանց սխալները կուղղենք փոխադարձաբար և սիրալիր:

Սա պարզապես հնարավորություն է և ոչ մի դեպքում` պարտավորություն:

Հաջողություն ենք մաղթում: »

:)))

Փաստորեն վաղն անգլախոսության առաջին օրն է! :) Դե ես ամերիկացի շեֆերի հետ շփվելու շատ առիթներ չեմ ունենում, որովհետև պրակտիկանտ եմ ընդամենը, բայց դե շատ հետաքրքիր է` խաղը ոնց կանցնի:


enipra

-Իսկ դու ո՞վ ես:
-Ե՞ս… աղջիկ:

=)

Մուտքագրիր քո էլ. փոստի հասցեն` այս բլոգին բաժանորդագրվելու և նոր գրառումների մասին էլ. փոստով տեղեկացվելու համար:

Join 15 other followers

RSS Last.FM վերջին երգեր

  • An error has occurred; the feed is probably down. Try again later.
%d bloggers like this: