A far far away blog

Archive for Ապրիլի 2009

Ապրիլի 25-ին կառնավալ էր էստեղ: Թեև ամեն տարի էլ լինում է, ինձ համար առաջինն էր ու աննախադեպ: Բրազիլական կառնավալներին բնորոշ զարմացնող ճոխություն ու փայլ էդքան էլ չկար, պապան ասեց, որ ավելին էր սպասում, բայց ինձ շատ դուր եկավ: Բոլորն ուրախ էին, առաջին անգամ էի տեսնում էդքան մարդ մի տեղ էս քաղաքում, առաջին անգամ` էն էլ շաբաթ օրով, էն էլ անձրևախառը, տրամվայում ասեղ գցելու տեղ չկար, ու երևանյան երթուղայինների օրն էին ընկել, դուռը զոռով էր փակվում: Բոլորը շտապում էին քաղաքի կենտրոն: Փոքր բալիկների ուրախությանը ոչինչ չէր հասնի, քայլում էին զուգված, զարդարված, երեսներին նկարած, իսկական հեքիաթ: Իսկ ամենազարմանալին տարեց մարդկանց ակտիվ մասնակցությունն էր թե որպես հանդիսատես, թե որպես ծաղրածուներ կամ ինչ-որ միջնադարյան կերպարներ: Մի խոսքով` տրամադրությունը տեղն էր, գույներն էլ ինչքան ուզեք… ամբողջ ընթացքում մի միտք էր տանջում` բա մի կարգին ֆոտոապարատ չունենայի՞: :))

Մի քանի նկար առանց մեկնաբանության: Ավելի շատ նկարներ այստեղ:

Ընդամենն ուզում էի պարողների ընդհանուր պատկերի մոտ նկարվել, քաշեցին-տարան: :D

Advertisements
Պիտակներ՝

Մեր մտերմությունը սկսվեց 2008-ի հոկտեմբերի վերջին, երբ էլ չէի դիմանում առանց սեփական կոմպի ու ամբողջ օրը համալսարանի համակարգչային սենյակում ինտերնետով ընկած կոմպ էի ման գալիս, որ համ լավը լինի, համ էլ թանկ չլինի: Դե էստեղի խանութներում ամերիկյան գների համեմատ տեխնիկան լավ թանկ է, էլ չեմ, ասում, որ ստեղնաշարն էլ azerty է պարտադիր, ինչը ինձ, մեղմ ասած, չէր ոգևորում:

Տարբեր ինտերնետային խանութներ քչփորեցի, բայց վերջը հասա eBay ու մնացի: Ռիսկի գործոնը մեծ էր, հիմնականում աուկցիոններ էին` առանց “Buy it now!” կոճակի, իսկ աուկցիոնում եթե bid ես դնում ու հաղթում ես, չես կարող հրաժարվել, ստիպված ես առնել… Բայց դե լավ էժան բաներ կային ու արժեր փորձել: Ինչ ասես, որ չկար` էլ նոր, էլ օգտագործած, էլ անսարքության պատճառով գործարան տարած, վերանորոգած ու գինը գցած (refurbished)…. Երկար փնտրտուքից, ծանր-թեթև անելուց, մի քանի անգամ bid անելուց ու գործարքը չշահելուց հետո վերջապես գտա ուզածս մոդելը… HP TX սերիայի Tablet PC-ներ: Դա հաստատ սեր էր առաջին հայացքից!! : )

Մեջս բզիկ մտավ, որ դրանցից պիտի առնեմ, հատկապես, որ նկարչական թաբլեթս մոռացել եի Հայաստանում ու հիմա կունենայի 2-ը մեկում: Ու չնայած, որ էդ կոմպերն իրենց հնարավորություններով եսիմինչ չեն, մի քիչ թիթիզ, ժամանցային են, և կային ծրագրավորողին ավելի հարմար Դելլ ու չգիտեմ ինչ «լուրջ» ծնկադիրներ (էս բառը վերջերս եմ սովորել :D), վերջը ընտրեցի HP:

Կոմպս

Սերիայի առաջին մոդելներից էր` TX 1000, օգտագործած կոմպ, ասում էին` ընդամենը մի քանի անգամ միացրել են գովազդային նկարահանումներ անելու նպատակով, ոչ մի բանի ձեռք տված չի, ամեն ինչ գործարանային արտակարգ վիճակում է: Չնայած Երևանից տնեցիք ասեցին` հարիֆացնում ա, ես հավատացի: Ախր էս eBay-ը վստահության ընտիր համակարգ ունի, մարդիկ կան 10000, 100000 գործարքներ են արել ու 95-100% դրական վարկանիշ ունեն, Իմ կոմպի վաճառողն էլ էդպիսին էր: Կարդում ես այլ գնորդների կարծիքները` հրաշալի գործարք էր, խորհուրդ եմ տալիս, շատ բարեհամբույր վաճառող է, հաճույքով նորից կհամագործակցեմ եվ այլն… ու ակամա սկսում ես վստահել: Դիմեցի, ԱՄՆ-ից դուրս չէր ցանկանում ուղարկել, աչքները վախեցած են նիգերական ու այլ օյիններից, բայց ի վերջո տեղի տվեց: Ու եկավ լափթոփս ԱՄՆից երևի մի 20 օրում: Ամեն ինչ այնպես էր, ինչպես նախօրոք ասվել էր: Աքսեսուարների մեծ մասը սկի ցելոֆանից հանված էլ չէր: Մի քանի օր երջանկությունից տեղս չէի գտնում :D

Ու սկսվեց… մի քանի ամիս անց գնեցի նախորդ գրառմանս մեջ փնտրվող կուբիկ-ռուբիկը, որը Չինաստանից Ֆրանսիա ճամփի ծախսով նույնիսկ կրկնակի էժան էր, քան էստեղի խանութներում:

Կուբիկ-ռուբիկ

Կուբիկ-ռուբիկ

Հետո կոմպիս համար առա սիրուն շորիկ` պայուսակ, էլի, նորից Չինաստանից…. Խեղճին այդքան ժամանակ տկլոր էի պահել, հանցագործություն!

Պայուսակիկ

Պայուսակիկ

Դե չափերս չեմ անցնում կամ ինձ տալիս ազարտին, ուղղակի գնում եմ բաներ, որ էդ պահին իրոք պետք են ու էսպես թե էնպես պիտի առնեմ ինչ-որ տեղից: Համ էլ ինձ անակնկալներ եմ անում. ես էլ չգիտեմ, թե գնումս որ օրը կհասնի ու թե ինչպիսին կլինի: Անհամբեր սպասում եմ էն օրվան, որ կբացեմ հանրակացարանի փոստարկղս ու մեջը կգտնեմ թղթիկ` ձեզ փաթեթ է եկել, համեցեք էսինչ տեղը` ստանալու: Ու վազելով գնում եմ! Ամենազվարճալին կուբիկ-ռուբիկի ստանալն էր: Փոքր փաթեթ ու վրան գրված` toy :D  Մեծ աղջիկ ու դեռ խաղալիքներ է փոստով ստանում: :)

Հիմա աչքս կարգին թվային ֆոտոխցիկների վրա է, բայց դե էս անգամ երևի էդպես էլ մնա, որովհետև էդ մեկն առնելու դեպքում հաստատ կմնամ առանց հաջորդ տարվա ուսման վարձի: :))

Երևի բոլորն էլ կյանքում գոնե մեկ անգամ երազել են հավաքել փոքր ժամանակվա ամենամեծ հանելուկներից մեկը` կուբիկ-ռուբիկը:

Մի փոքր պատմական ակնարկ. որքան էլ հայերի մեծ մասը հաստատ մտածեն, որ էս Ռուբիկը մարդու անուն է, դե բնականաբար հայի, փաստ է, որ ոչ միայն ազգանուն է, այլև հունգարացու: Քանդակագործ ու ճարտարապետ Էռնո Ռուբիկը ստեղծել է խաղալիքը 1974-ին, բայց այն տարածում ստացել է 1980-ին: Այդ տարի արժանացել է Գերմանիայի տարվա խաղալիք մրցանակին ու մինչ այժմ ամբողջ աշխարհում համարվում է ամենալավ վաճառվող խաղալիքը:

Իմ առաջին ու, ինձ թվում էր, վերջին անհաջող փորձն եղել է մոտ 13 տարեկանում, երբ Երևանի էժան խանութներից մեկում չդիմացա 300 դրամով չառնելու գայթակղությանը: Դե էդ պահին մտքովս էլ չանցավ, որ խորանարդիկը հազիվ մի էդքանի էլ որակ ունենար ու որ մի քանի անգամ կտրուկ պտտելու արդյունքում մանր կուբիկների բաժանվելուց ու հավաքվելուց հետո վերջնականապես կտոր-կտոր էր լինելու: Դե ոչինչ, մեկ Է, հաստատ չԷի էլ սովորի հավաքել: Էն ժամանակ ինտերնետի հնարավորություններն էսքան լավ չէի պատկերացնում ու չգիտեի, որ ընդամենը մի քլիքով հնարավոր է կուբիկը հավաքելու հարյուրավոր ալգորիթմներ գտնել ու ինքնուրույն սովորել: Ինձ թվում էր` ուղղակի պետք է էնքան անկապ էս կողմ, էն կողմ պտտեմ, մինչև ինքն իրեն հավաքվի կամ ես ինչ-որ փայլուն գյուտ անեմ! Ջարդվելուց հետո դրանից ձեռք քաշեցի ու էն մոռանալն էր, որ մոռացա:

Ֆրանսիայում հենց առաջին շաբաթների ընթացքում նկատեցի, որ մեր (ուշադրություն!!) մագիստրատուրայի առաջին կուրսի ֆրանսիացի տղաներից մի քանիսը պարբերաբար հետները դասի են բերում լավ չլած, անկյուններում կարգին մաշմշած ու գույները գցած կուբիկ-ռուբիկներ: Շատ էի զարմացել, բայց ասեցի` դե մարդ են, զբաղվում են, էլի: Որոշ ժամանակ անց տեսա, որ հանրակացարանում իմ հարկի աղջիկներից մեկը` Ռեունիոն կղզուց, սենյակից առանց իր անբաժան խորանարդի դուրս չի գալիս, ու ոչ պակաս անբաժան 2 ընկերուհիներն էլ ամբողջ հարկով գոռգոռալով «բալետ» են անում, թե ըհը, քիչ մնաց, ընդամենը մի շարք, դե…. օօօ՜… հավաքեց!! :D

Հետո մեր կուրսի տղաները սովորական 3x3x3 խորանարդը մի կողմ դրեցին ու սկսեցին հետները բերել իմ համար լրիվ նոր գլուխկոտրուկներ` էլ քառանիստեր, էլ ինչ երկրաչափական մարմինների տեսք ասես որ չունեցող:

Իսկ այ վերջին նորությունն էս վերջին նկարինն էր` Rubik’s magic.  

Ես էլ եկա տուն, գործի դրեցի շատերին արդեն հայտնի իմ փնտրող-գտնողական հոբբին ու սկսեցի գուգլել էս տղաների անունները: Եվ ի՜նչ… բոլորը դուրս եկան կուբիկի համաշխարհային ասոցիացիայի անդամներ, Կլերմոն-ֆերանի տեղական մրցումների կազմակերպիչներ ու հաղթողներ… Մի քանիսը մասնակցել էին նույնիսկ Շվեյցարիայի առաջնությանը: Այ քեզ լուրջ բան! Իսկ ամենազվարճալին ու համ էլ տպավորիչն էն էր, որ youtube-ում գտա, թե տղաներից մեկ ոնց է ժամանակ պահում ու վեբ խցիկի առաջ կուբիկը հավաքում մի ձեռքով… հբը! Նույն youtube-ում ինչ ասես չկար Ռուբիկի հայտնագործության մասին, էքսպերտները ցույց են տալիս իրենց շնորհքը, կիսվում փորձով ու մատչելի ձևերով սովորեցնում ուրիշներին:

էդ օրվանից ցեցը նորից ընկավ մեջս ու սկսեցի խանութներում անպայման բաց չթողնել խաղալիքների բաժինները, բայց կուբիկ կամ չէր լինում, կամ ահագին թանկ էր: Ու էդտեղ ես ասեցի` հլը մի րոպե…

Մեկ էլ էն ասեմ, որ ի վերջո ձեռք բերեցի քննություններին պարապելու ամենաթեժ շրջանում ու չնայած դրան` հենց նույն օրն ամեն ինչ մի կողմ դրեցի ու ինտերնետի շնորհիվ սովորեցի հավաքել, հետո էլ` կամաց-կամաց աշխատել արագության վրա: Սկզբում կուբիկը վերադարձնում էի նախնական տեսքին մի 5-6 րոպեում, որովհետև քայլերը խառնում էի իրար ու ստիպված սկսում նորից: :D Դեռ լավագույն արդյունքս 1:53 րոպեն է, ինչն էլի ահավոր դանդաղ է: Շարունակում ենք բարելավել արդյունքները!

Իսկ թե վերջը որտեղից ճարեցի, հաջորդ գրառման մեջ: :)

Հայելի-գրատախտակ

Հայելի-գրատախտակ

Առաջին անգամ ստուդիոյումս (1 սենյականոց բնակարանիկին այդպես են ասում) լողանալուց հետո, երբ բաղնիքիս հայելին մի լավ քրտնեց, նկատեցի, որ մի անկյունում ինչ-որ տառեր են նշմարվում: Սկզբում մտածեցի, թե ուղղակի նմանացնում եմ, ախր նոր էի լվացել, պետք է որ ոչ մի հետք վրան չլիներ: Բայց մոտենալով համոզվեցի, որ իրոք բան է գրված: Ամբողջ հայելին ուշադիր ուսումնասիրելուց հետո հայտնաբերեցի, որ մյուս անկյունում շաաատ թույլ երևացող մի ահագին տեքստ է գրված: Ինքան էլ տանջվում եմ, արդեն որերորդ անգամ չեմ կարողանում կարդալ, բայց հետաքրքրությունից մեռնում եմ, հատկապես որ վերջում էլ սրտիկ եմ տեսնում: :)))) Մի քանի անգամ ալարելուց հետո վերջապես էս անգամ մինչև թաքնված տեքստի անհայտանալը ապարատը վերցրի ու չխկացրի: Մենակ առաջինն է երևում: Չեմ էլ հասկանում, թե ինչ է, կարծես անուն է: Իսկ երկար տեքստն այդպես էլ մնում է հանելուկ… :D

Պիտակներ՝
Պիտակներ՝

Այսօր առավոտյան կյանքումս առաջին անգամ բաց թողեցի կանգառս` մի քիչ մտքերով տարված, մի քիչ կիսաքուն, ականջակալներիս երաժշտությունն էլ մյուս կողմից: Լավ է` շուտ գլխի ընկա, իմ իսկական կանգառում տրամվայի դռները փակվելու ու շարժվելու ժամանակ: :))) Ընդամենը մի կանգառ քայլեցի, բայց դե թարսի պես հենց էսօր առանց այդ էլ ուշանում էի:

Մինչ այժմ երազումս լիիիիքը տեսել եմ, որ կանագռումս մոռանում եմ իջնել, բայց մտածում էի, որ իրականում դա ինձ չի սպառնում: :-/ Ի տարբերություն իրականի` երազում միշտ իբր ահագին ուշ եմ հասկանում ու հայտնվում եմ ինչ-որ անծանոթ տեղերում, հաճախ միևնույն հորինովի, երևակայական տեղում, որը տեսնելով էլ հենց պարզ է դառնում, որ կանգառս անցել եմ: Բայց հետաքրքիրն այն է, որ նման երազներումս երբեք չեմ խառնվում իրար, պանիկա բացարձակ չկա: :)

Մեկ էլ ահավոր շատ տեսել եմ, որ չստիկներով եմ գնացել դասի կամ ուրիշ մի տեղ, հույս ունեմ սրա նման գրառում էս երազիս մասին երբևէ չեմ գրի… :D

Մոխրագույնացույց

Մոխրագույնացույց

Աշխատանքային սենյակում` հենց մեջքիս հետևում օրացույց է կախված: Սիրուն, գունավոր, օրիգինալ… բայց ինչ-որ անտրամաբանական: Ամեն ամիս մի գույնի է, ու հեչ չի համապատասխանում ամիսների հետ տրամաբանորեն ասոցիացվող գույներին: Ամենացուրտ ամիսները ամենավառ գույներով են, ամենատաքերը` ամենասառը, ասենք, կապույտ օգոստոս, նարնջագույն փետրվար: Շաբաթ-կիրակիները սպիտակ են: Բայց դա դեռ մի կողմ. տոները, որ ես սովոր եմ միշտ տեսնել տոնական, հիմնականում կարմիր, մոխրագույն են: Բոլոր աշխատանքային օրերը գունավոր, իսկ տոները` մոխրագույն: Երևի դիզայների հատուկ օրիգինալ միտքն է, կամ ով գիտի հատուկ հոգեբանական հնարք, որ ենթագիտակցորեն ազդում է մարդկանց աշխատունակության բարձրացման վրա` ամեն աշխատանքային օր դարձնելով տոն: :D :D :D


enipra

-Իսկ դու ո՞վ ես:
-Ե՞ս… աղջիկ:

=)

Մուտքագրիր քո էլ. փոստի հասցեն` այս բլոգին բաժանորդագրվելու և նոր գրառումների մասին էլ. փոստով տեղեկացվելու համար:

Join 16 other followers

RSS Last.FM վերջին երգեր

  • An error has occurred; the feed is probably down. Try again later.
%d bloggers like this: