A far far away blog

Posts Tagged ‘պրեֆեկտուրա

Էս պատմությունը շատերին եմ պատմել, բայց որոշեցի մի հատ էլ էստեղ գրել:

Դեկտեմբերի 18, պրեֆեկտուրայում սպասում եմ, որ վերջապես ժամանակավոր կացության «récépisse» կոչվող թուղթս տան, վրան խփեն մեկանգամյա մուտքի վիզան ու ես կկարողանամ տոները Հայաստան անցկացնելու:  Էս շենքում միշտ կարելի է տեսնել տարբեր ազգերի ներկայացուցիչների` դե չինացիներ պարտադիր, արաբներ բնականաբար, տարբեր անհայտ երկրներից սևամորթներ, մեկ-մեկ ռուսներ, վրացիներ, կովկասյան տարբեր չեչենանման ազգեր, որ չգիտեմինչերեն են խոսում, մեկ էլ հոպ, ու սկսում են առանց ակցենտի ռուսերեն բլբլալ: Բայց հայ ոչ մի անգամ դեռ չէի հանդիպել: Ընդհանրապես հայերն էս քաղաքում քիչ են: Ու հենց էդ սպասողական վիճակում լսում եմ միջանցքի խորքից եկող հայերենին շատ նման խոսակցության ձայներ: Մտածեցի` երևի թվում է: Ձայները կամաց-կամաց մոտեցան ու իրենց տերերի հետ եկան-նստեցին ինձանից ոչ հեռու: Ինչ-որ դարդոտած կին էր` մոտ իմ տարիքի տղայի հետ, թարգմանիչն էլ կողքից: «Ինչ են է՞ ասում, պիտի սպասե՞նք…» Այ մարդ, հա էլի, հայերեն են խոսում: Մի րոպեի չափ կողքից հետևեցի, գնացի հենց իրենց կողքը նստեցի ու դիմեցի կնոջը.

-Բարև ձեզ:
-Բարև… Հայ ես, հա՞:
-Հա: :)
-Բայց հեչ նման չես:
-Իրո՞ք:
-Հա, բա որտեղացի՞ ես: … Երևի սովորում ես, հա՞: …Լեզուն լավ գիտե՞ս,- անկետային հարցերից հետո անցավ իրենց,- Դե մենք էլ եկել ենք հանձնվենք, երևի խաբար չես տենց բաներից:
-Դե մի քիչ գիտեմ, ստեղ ուրիշ հայ ընտանիքներ գիտեմ, որ նույն ճանապարhով են անցել, հիմա արդեն քաղաքացիություն ունեն:
-Ով ե՞ն որ:
-Դե…. օրինակ էսինչն ու էնինչը:
-Հաաա…. (ահավոր բազմանշանակ)
-Էդ ո՞վ են որ, մամ,- չդիմացավ տղան:
էսինչենք, էլի: Դե էն… մարդ են հիմա:

Էնպիսի անկապ զգացողություն էր մոտս, որ էս փոքր քաղաքում, ուր հայ ընտանիքներին կարելի է մատների վրա հաշվել, էլի մարդիկ իրար հետ թարսված են, էլի խումբ-խումբ: Գուցե իմ բախտն է բերել, բայց էստեղի ինձ քիչ թե շատ ծանոթ հայերը բոլորը հրաշալի մարդիկ են դուրս եկել:

Մեր խոսակցությունն էլ համարյա չշարունակվեց, ինձ կանչեցին: Բայց առանձնապես շարունակվելու տեղ էլ չուներ ճիշտն ասած: Մի տեսակ վախեցած ինչ-որ բան կար էդ մարդկանց մեջ, որ վանում էր, գուցե ուղղակի քաշվում էին իրենց կարգավիճակից, ամաչում: Չգիտեմ: Միայն մի բան գիտեմ, որ էս մարդիկ ահավոր դժվարությունների միջով են անցնում տարիներ շարունակ մինչև իրավունք են ստանում օրինական ապրել ու աշխատել, շատ ավելի ծանր, քան մենք պատկերացնում ենք: Ու մտածում եմ` արժե՞ արդյոք… բարդ է:

Դեկտեմբերի 20, Փարիզի Շառլ դը Գոլի օդանավակայանում եմ, կյանքումս առաջին անգամ պետք է մենակ ճամփորդեմ ու ծանր պայուսակները ուսիս փորձում եմ կոմնորոշվել հսկա շենքում: Լիիիիքը մարդիկ են շուրջս, աղմուկ… Ու աղմուկից մի կիսալղոզված կտոր.«Հլը սպասեք, էս աղջիկը հաստատ հայ ա…»

-Հայ ե՞ք:

Մի 30-ին մոտ տղա էր: Զարմացած գլուխս թեքեցի: Տղայի կինը ու մեկ ուրիշ երիտասարդ զույգ կանգնած ինձ էին նայում:

-Հա: :) Ի՞նչ իմացաք:
-Ախր ո՞նց կարելի ա չիմանալ: Տիպիկ հայկական դիմագծեր ունեք, հայի աչքեր: Ես դեռ հեռվից էի հասկացել:

Ծիծաղս եկավ, ընդամենը 2 օր առաջ էր ախր: :)) Էս անգամ խոսակցությունը շատ ավելի ջերմ էր: Փարիզցիներ էին, ուղղակի եկել էին մարդ ճանապարհելու, ձեռքի հետ էլ ինձ մի քիչ ճանապարհեցին, օգնեցին: Վերջում էլ կարոտած ձայնով ավելացրին.

-Մեր կողմից կբարևես մեր Երևանին:

6 տարի Հայաստանում չէին եղել:

Ֆրանսիայում օրինական կացության թղթերի ձևակերպումը, այսպես ասած` վիզայի երկարացնելը շատ ջանջալ ու անկապ գործընթաց է, ճիշտ այնպես, ինչպես Երևանում Ֆրանսիայի վիզա ստանալու տունտունիկը: Էստեղ պետք է նախ պրեֆեկտուրային տարատեսակ փաստաթղթեր տալ, հարցաթերթիկներ լրացնել, նաև անցնել բժշկական ստուգումներ ու դրանց արանքներում սպասել, սպասել ու հաաա~ սպասել… Սեպտեմբերի 30-ին գործերս պրեֆեկտուրա տալուց հետո դանդաղ, բայց անցել եմ էդ ամենի միջով, երեկ վերջապես եկավ վերջին բժշկական ստուգմանս օրը:

Նախ մի բուժքույր լիքը հարցեր տվեց, դե մարդը անկետա էր լրացնում ))) «Բողոքներ ունե՞ք…», էս կողմ, էն կողմ, «Վերջին 10 տարում դիֆտերիայի դեմ սրսկվել ե՞ք»: Սխալվեցի, ասեցի` չեմ հիշում: Հայ-հայ էիր զոռով սրսկվել տային, էն էլ ես «հանկարծակի վերհիշեցի», դեռ մի բան էլ զանգեցի Հայաստան, մամայից «իբր ճշտեցի», որ 2002-ին սրսկվել եմ, բա ի՞նչ եմ արել… ))) Ասեցի, որ մի աչքս էնքան էլ լավ չի տեսնում: Ասեց` ստուգենք… Աստվա’ծ իմ, տառերի առաջին շարքը չտեսա, երկրորդն էլ, երրորդն էլ նույնը, չորրորդը` կիսատ-պռատ… 5-րդից նոր սկսեցի լրիվ ճիշտ ասել: Մյուս աչքով էն ամենամանրներն էլ վռազ-վռազ կարդացի: Ձեր առողջ աչքը 10 է, մյուսը` 4 , 10 բալանոց համակարգում: Հը՞՞՞՞՞… Էդ ի՞նչ նոր հաշվման համակարգ է: Ո՞ւր կորան մեր սովորական +-1, 2, 3-ները: Ես ինձ հույս տվեցի, որ էդ 4-ը մի ամիս առաջ աչքիս բորբոքման հետևանքով է կամ գերհոգնածության, դե մի բանով պիտի հույս տայի, թե չէ: Այ քեզ բան, իսկ Հայաստանում ասում էին, որ 2 աչքս էլ -1 են, չնայած, որ ես պնդում էի, որ մեծ տարբերություն եմ զգում: Հմմմ… Քաշս ու բոյս չափելուց հետո դրանց անհամապատասխանությունից զարամցած խեղճ աղջիկը մտահոգ դեմք ընդունեց ու հարցրեց իմ ամենաչսիրած բանը` լա՞վ եք սնվում: Հոյակապ, օրական 3 անգամ, նույնիսկ առավոտյան դասի գնալուց առաջ! Վերջապես բժիշկը` մոտ 30 տարեկան ջահել տղա, հրավիրեց իր սենյակ:

— Մադմուազել Էսինչյան Էսի՞նչ:
— Այո:
— Ազգությունը… հա՞յ:
— Այո:
— Փաստորեն Էջմիածնո՞ւմ եք ապրում: /Բերանս բաց մնաց, աչքերս աննկատ վազեցին բեջի վրայով` ֆրանսիացու անուն է/
— Չէ, Էջմիածնում ծնվել եմ, իսկ ապրում եմ…
— Էղևանո՞ւմ:
— Հա ))
— Անցած ամառ ընկերներիս հետ Հայաստանում էի, հրաշալի տեղ է: Պուշկինի փողոցի վրա էի ապրում` հենց օպերայի կողքին: Էջմիածին էլ եմ գնացել, էնտեղ էր, չէ՞, մեծ տաճարը:
— Հա: Է՞լ որտեղ եք եղել, Սևան գնացե՞լ եք:
— Հա, բա ոնց: Լճի ափին խորոված ենք սարքել: Սարդարապատ եմ գնացել, Տաթև, բանն ենք բարձրացել… ոնց է՞ր…
— Արագա՞ծ…
— Հա… Աղագած: Վրան էլ էն, ի՞նչ էր անունը, Ամբե՞ղդ, հա՞…
— Ըհը, Ամբերդ!

Մի խոսքով` համատեղ ուժերով պարզեցինք, որ լաաավ ման էր եկել, բոլոր տեղանունները ահավոր լավ էր հիշում ու մի այլ կարգի հմայված էր:)))

Կողքից նայողը երևի կզարմանար, թե ես ինչու էի էդ ամբողջ ընթացքում ապուշի պես ժպտում, բայց իրոք անսպասելի էր ու շատ հաճելի, ախր էս ամբողջ ընթացքում էնքան քիչ մարդիկ են պատկերացրել, թե Հայաստանն ընդհանրապես որտեղ ա, որ հեչ էլ նույն Ռումինիան չի (Arménie, Romanie), որ Աֆրիկայում էլ չի ու դեռ մի բան էլ Շրի Լանկայի մոտ չի ամենևին! Հա-հաաա, կատակ չեմ անում, մեր կուրսի վիետնամցի աղջկա համար Հայաստանի հարևան երկրների անունները թվարկեցի, ու ինքը խելոք հայացքով հարցրեց. «Ոնց որ Շրի Լանկայի մոտ ա, հա՞»:

Վերադառնանք մեր բժշկին: Իհարկե Հայաստանի թեման շատ հաճելի էր, բայց վերջը անցանք բուն թեմային: Նայեց լրացրած թերթիկներին, թվերին… էլի չխուսափեցի էն իմ չսիրած հարցից: Փոքր ստուգումներ` սիրտ, թոքեր, շնչառություն, բերանի խոռոչ:

— Ամեն ինչ լավ է: Բայց ամեն դեպքում լավ կանեք այցելեք ակնաբույժի, չարժե էդպես թողնել: Ահա Ձեր թաղամասում ակնաբույժի հասցե:
— Շնորհակալ եմ:
— Դե հաջողություն, գուցե մի օր հանդիպենք Էղևանում:
— Գուցե: Ցտեսություն:


enipra

-Իսկ դու ո՞վ ես:
-Ե՞ս… աղջիկ:

=)

Մուտքագրիր քո էլ. փոստի հասցեն` այս բլոգին բաժանորդագրվելու և նոր գրառումների մասին էլ. փոստով տեղեկացվելու համար:

Join 15 other followers

RSS Last.FM վերջին երգեր

  • An error has occurred; the feed is probably down. Try again later.
%d bloggers like this: