A far far away blog

Posts Tagged ‘հարցազրույց

Քանի որ էսօր իմ բլոգի ընթերցողների թիվը կտրուկ աճեց, ես էլ, թեև գրելու ժամանակ հեչ չունեմ, այնուամենայնիվ ոգևորությունից որոշեցի գրել մի քանի տող: Կասկածում եմ, որ մի քանի տողով կսահմանափակվեմ, բայց…

Լավ լուր! Էսօրվա ոգևորությունս նաև ուրիշ պատճառ ունի: Մի 8-9 ընկերություն դիմելուց, դրանցից 4-ում հարցազրույց անցնելուց, ընդհանուր հաշվով 3-ից մերժում ստանալուց հետո վերջապես ստացա դրական պատասխան, էն էլ հենց էն մեկից, որից ամենաքիչն էի հավատում, ու որի հետ հարցազրույցը հեռախոսով էր եղել ընդամենը: Պրակտիկաս անցնելու եմ Michelin-ում, հրաշք! Շատ բան կարելի է ասել էս ընկերության մասին, բայց մենակ կասեմ, որ անվադողերի արտադրության դեմքերից է համաշխարհային մասշտաբով: Իսկ ինձ հետ ի՞նչ կապ ունի, ես ուր, անվադողերն ուր: Ուղղակի իրենք նաև ծրագրավրոման հսկայական բաժին ունեն: Ես, օրինակ, ինչքան հասկացա, պետք է մի ծրագրի մշակման ու ընդլայնման վրա աշխատեմ, որը թույլ է տալիս փորձարկել ու հսկել անվադողերի արտադրության որոշակի փուլ: Հա, ի դեպ, հենց երեկ, չեմ էլ հիշում, թե որտեղ, տեսա 100 ընկերությունների ցուցակ, որոնք կարող են դիմակայել ցանկացած ճգնաժամի, Michelin-ն էլ դրանց թվում էր: Վատ չի: :) Ասում են` պրակտիկանտներին ահագին լավ են վարձատրում, տեսնենք!

Իսկ անցածս 4 հարցազրույցների մասին անընդհատ ուզում էի գրել, բայց չէր ստացվում: Էնքան հետաքրքիր էին, իրոք: Ահավոր հանգիստ ու բարի մթնոլորտում անցան բոլորն էլ, ու բոլորից դուրս եմ եկել լայն ժպիը դեմքիս: Հայաստանում ինտերվյուներ շատ չեմ ունեցել, բայց միշտ ինչ-որ լարվածություն եղել է, երբեմն` նույնիսկ շատ, երբեմն էլ` ինչ-որ կիսածաղրանք, կիսահեգնանք: Օրինակ` մի անգամ խիստ մասնագիտական հարցերի ժամանակ ասեցին, թե բա Ձեր CV-ում նշել եք, որ վարժ խոսում եք անգլերեն, ռուսերեն, դե հիմա եկեք էս խոսակցությունը շարունակենք էդ լեզուներով: Ու սկսեցին նայել «Տեսնեմ ոնց ես տակից դուրս գալու» դեմքի արտահայտություններով, կարծես եկել էի Բրյուսով ընդունվելու: Ու սկսեցի ամեն բառից առաջ մտածել, մի տեսակ չէր ստացվում բառերն իրար կապել:

Դրանից հետո էստեղ չցանկացա ֆրանսերենի դիմաց գրել courant (անգլերեն fluent-ի համարժեքն է), մտածում էի` մի քանի սխալ անեմ, երեսովս կտան: Էն էլ դասախոսս համոզեց, որ ի վերջո գրեմ ու լավ արեց: Առաջին անգամ պետք է ֆրանսերենով պաշտոնական հարցազրույց անցնեի, շատ էի հուզվում: Բայց 5 րոպեից արդեն հասկացա, որ ոչ ոք անթերի ֆրանսերեն չի սպասում ինձանից: Ընդհակառակը` հիմնականում բոլորը շատ տպավորված էին, որ 4 լեզվի եմ տիրապետում, դեռ մի բան էլ, ի զարմանս ինձ, 2 տեղ ասեցին, թե շատ լավ եմ խոսում ֆրանսերեն: Այ քեզ բան: Հայաստանում դրանով ոչ ոքի չես զարմացնի, քիչ թե շատ լավ սովորող ցանկացած ուսանող գոնե 3 լեզվով կարողանում է հաղորդակցվել, իսկ էստեղ… :)) Իրենք են ու իրենց ֆրանսերենը: Վերջ: Իսկ եթե նաև անգլերեն գիտեն, իրենք են դառնում վերջը:

Եթե փորձեմ սինթեզել բոլոր 4 հարցազրույցները, ինչի մասին ասես որ չենք խոսել ու ամենաքիչը` մասնագիտական բաներից: :D Ինչո՞ւ եք եկել Ֆրանսիա, ինչո՞ւ հենց էս քաղաք, ինչո՞ւ մեր ընկերություն ու էլի մի շարք ինչուներ: Փաստորեն նկարչություն եք սիրում, իսկ ի՞նչ եք ամենաշատը նկարում: Էստեղի թանգարանները գնացե՞լ եք: Ձեր CV-ում մի կետ շատ հետաքրքրեց, գրիչներ եք հավաքում, հա՞:

Իսկ իմ հայ լինելը ահագին լավ արձագանք էր ստանում ընդհանուր առմամբ: Մի ընկերությունում նույնիսկ ոգևորվել էին էդ փաստից, արդեն ուր որ էր մեր տարածաշրջանում մասնաճյուղ էին ուզում բացել իմ օգնությամբ: :D Մեկը հայերին գիտեր որպես Մարսելում ահավոր մեծ համայնք ունեցող ազգ ու լավ ձեռներեցներ, էլի վատ չի: Իսկ մեկին Հայաստան բառը համեմատաբար քիչ բան էր ասում, բայց ինքն էլ գյուտ անողի առոգանությամբ ու պաթոսով ասեց. «Մի շաաատ հայտնի ֆրանսիահայ երգիչ կա»… Ժպտացի…:) Երևի լավ չժպտացի, կամ ինքը չհասկացավ, 1-2 վայրկյանից ասեց. «Որի անունն է…»: Ինչ որ չիմանայի, էլի: Իսկ մի քանի հարցից հետո նա անգամ հիշեց, որ երկրաշարժից հետո Ազնավուրը «Arménie» երգի վաճառքով բարեգործություն էր անում, ու նույնիսկ, որ դպրոցական տարիներին իրենք հագուստ, ուտելիք ու նման բաներ են հավաքել` Հայաստանի աղետի գոտու տուժածներին ուղարկելու համար: Ամենավերջում հասանք հայկական խոհանոցին, ու էս մարդը մոտը գրեց tolma, khash: Որ պատկերացնում եմ, թե իմ գնալուց հետո ոնց է մի լավ գուգլել, ծիծաղս գալիս է:))

Դե լավ, պրծ:

Ասել էի մի քանի տո՞ղ… հա դե, մի քանի տասնյակ, էլի: :P


enipra

-Իսկ դու ո՞վ ես:
-Ե՞ս… աղջիկ:

=)

Մուտքագրիր քո էլ. փոստի հասցեն` այս բլոգին բաժանորդագրվելու և նոր գրառումների մասին էլ. փոստով տեղեկացվելու համար:

Join 15 other followers

RSS Last.FM վերջին երգեր

  • An error has occurred; the feed is probably down. Try again later.
%d bloggers like this: