A far far away blog

Posts Tagged ‘խաղալիք

Երևի բոլորն էլ կյանքում գոնե մեկ անգամ երազել են հավաքել փոքր ժամանակվա ամենամեծ հանելուկներից մեկը` կուբիկ-ռուբիկը:

Մի փոքր պատմական ակնարկ. որքան էլ հայերի մեծ մասը հաստատ մտածեն, որ էս Ռուբիկը մարդու անուն է, դե բնականաբար հայի, փաստ է, որ ոչ միայն ազգանուն է, այլև հունգարացու: Քանդակագործ ու ճարտարապետ Էռնո Ռուբիկը ստեղծել է խաղալիքը 1974-ին, բայց այն տարածում ստացել է 1980-ին: Այդ տարի արժանացել է Գերմանիայի տարվա խաղալիք մրցանակին ու մինչ այժմ ամբողջ աշխարհում համարվում է ամենալավ վաճառվող խաղալիքը:

Իմ առաջին ու, ինձ թվում էր, վերջին անհաջող փորձն եղել է մոտ 13 տարեկանում, երբ Երևանի էժան խանութներից մեկում չդիմացա 300 դրամով չառնելու գայթակղությանը: Դե էդ պահին մտքովս էլ չանցավ, որ խորանարդիկը հազիվ մի էդքանի էլ որակ ունենար ու որ մի քանի անգամ կտրուկ պտտելու արդյունքում մանր կուբիկների բաժանվելուց ու հավաքվելուց հետո վերջնականապես կտոր-կտոր էր լինելու: Դե ոչինչ, մեկ Է, հաստատ չԷի էլ սովորի հավաքել: Էն ժամանակ ինտերնետի հնարավորություններն էսքան լավ չէի պատկերացնում ու չգիտեի, որ ընդամենը մի քլիքով հնարավոր է կուբիկը հավաքելու հարյուրավոր ալգորիթմներ գտնել ու ինքնուրույն սովորել: Ինձ թվում էր` ուղղակի պետք է էնքան անկապ էս կողմ, էն կողմ պտտեմ, մինչև ինքն իրեն հավաքվի կամ ես ինչ-որ փայլուն գյուտ անեմ! Ջարդվելուց հետո դրանից ձեռք քաշեցի ու էն մոռանալն էր, որ մոռացա:

Ֆրանսիայում հենց առաջին շաբաթների ընթացքում նկատեցի, որ մեր (ուշադրություն!!) մագիստրատուրայի առաջին կուրսի ֆրանսիացի տղաներից մի քանիսը պարբերաբար հետները դասի են բերում լավ չլած, անկյուններում կարգին մաշմշած ու գույները գցած կուբիկ-ռուբիկներ: Շատ էի զարմացել, բայց ասեցի` դե մարդ են, զբաղվում են, էլի: Որոշ ժամանակ անց տեսա, որ հանրակացարանում իմ հարկի աղջիկներից մեկը` Ռեունիոն կղզուց, սենյակից առանց իր անբաժան խորանարդի դուրս չի գալիս, ու ոչ պակաս անբաժան 2 ընկերուհիներն էլ ամբողջ հարկով գոռգոռալով «բալետ» են անում, թե ըհը, քիչ մնաց, ընդամենը մի շարք, դե…. օօօ՜… հավաքեց!! :D

Հետո մեր կուրսի տղաները սովորական 3x3x3 խորանարդը մի կողմ դրեցին ու սկսեցին հետները բերել իմ համար լրիվ նոր գլուխկոտրուկներ` էլ քառանիստեր, էլ ինչ երկրաչափական մարմինների տեսք ասես որ չունեցող:

Իսկ այ վերջին նորությունն էս վերջին նկարինն էր` Rubik’s magic.  

Ես էլ եկա տուն, գործի դրեցի շատերին արդեն հայտնի իմ փնտրող-գտնողական հոբբին ու սկսեցի գուգլել էս տղաների անունները: Եվ ի՜նչ… բոլորը դուրս եկան կուբիկի համաշխարհային ասոցիացիայի անդամներ, Կլերմոն-ֆերանի տեղական մրցումների կազմակերպիչներ ու հաղթողներ… Մի քանիսը մասնակցել էին նույնիսկ Շվեյցարիայի առաջնությանը: Այ քեզ լուրջ բան! Իսկ ամենազվարճալին ու համ էլ տպավորիչն էն էր, որ youtube-ում գտա, թե տղաներից մեկ ոնց է ժամանակ պահում ու վեբ խցիկի առաջ կուբիկը հավաքում մի ձեռքով… հբը! Նույն youtube-ում ինչ ասես չկար Ռուբիկի հայտնագործության մասին, էքսպերտները ցույց են տալիս իրենց շնորհքը, կիսվում փորձով ու մատչելի ձևերով սովորեցնում ուրիշներին:

էդ օրվանից ցեցը նորից ընկավ մեջս ու սկսեցի խանութներում անպայման բաց չթողնել խաղալիքների բաժինները, բայց կուբիկ կամ չէր լինում, կամ ահագին թանկ էր: Ու էդտեղ ես ասեցի` հլը մի րոպե…

Մեկ էլ էն ասեմ, որ ի վերջո ձեռք բերեցի քննություններին պարապելու ամենաթեժ շրջանում ու չնայած դրան` հենց նույն օրն ամեն ինչ մի կողմ դրեցի ու ինտերնետի շնորհիվ սովորեցի հավաքել, հետո էլ` կամաց-կամաց աշխատել արագության վրա: Սկզբում կուբիկը վերադարձնում էի նախնական տեսքին մի 5-6 րոպեում, որովհետև քայլերը խառնում էի իրար ու ստիպված սկսում նորից: :D Դեռ լավագույն արդյունքս 1:53 րոպեն է, ինչն էլի ահավոր դանդաղ է: Շարունակում ենք բարելավել արդյունքները!

Իսկ թե վերջը որտեղից ճարեցի, հաջորդ գրառման մեջ: :)


enipra

-Իսկ դու ո՞վ ես:
-Ե՞ս… աղջիկ:

=)

Մուտքագրիր քո էլ. փոստի հասցեն` այս բլոգին բաժանորդագրվելու և նոր գրառումների մասին էլ. փոստով տեղեկացվելու համար:

Join 15 other followers

RSS Last.FM վերջին երգեր

  • An error has occurred; the feed is probably down. Try again later.
%d bloggers like this: