A far far away blog

Posts Tagged ‘արտաքին

Վաղուց էի նկատել, որ էստեղի արաբները ինձ մի տեսակ են նայում, ու կասկածում էի, որ արաբի տեղ էին դնում: Բայց ինձ հույս էի տալիս, որ թվում է, մանավանդ, որ Ասյան` հայ ընկերուհիս (բարև, Աս!), հա ասում էր, թե ախր հեչ նման չես է: :)  Բայց ախր տրանսպորտում, խանութում… ամեն տեղ իրենց հայացքները էլի կասկածների մեջ էին գցում:

Մի քանի օր առաջ խանութում էի: Ես էստեղ արդեն լավ կոփվել եմ հերթերի հարցում, սկզբում շատ անհամբեր էի, իսկ հետո սովորեցի բոլորի պես խելոք կանգնել: Բայց էս անգամ մի դանդաղաշարժ ու մյուսների վրա թքած ունեցող, ժամերով իր ոչուփուչ առևտուրը դասավորող ֆրանսիացի կնոջ ու խանութի կեսն առած, երևի մի 30 հոգանոց թուրք ընտանիքի հարս ու սկեսուրի պատճառով մոտ 10-15 րոպե հերթ էի կանգնած: Հերթի վերջից իտալական ակցենտ ունեցող բողոքավոր տատիկները կծողական բացականչություններ սկսեցին` թե էս ինչ վաճակ ա, հերթը առաջ չի գնում, գոնե մյուս կասսան էլ բացեն, այ քեզ bordel: :D Ես էլ էի նյարդայնացել, էնքան, որ ինձանից հետո կագնած ընդամենը մի հաց ունեցող երիտասարդին որոշեցի առաջ չթողնել, այնինչ սովորաբար կամավոր առաջարկում եմ: Դե ինքը հանգիստ կանգնած էր, իրեն զոռով առաջ չէր գցում, ձեռքի հետ էլ էդ հացը ծայրից սկսել էր ուտել ու օգնում էր իտալացի տատիկներին` թափված իրերը հավաքել: Սպիտակամաշկ տղա էր, կապույտ աչքերով ու բաց շագանակագույն մազերով… ու զարմանալիորեն արաբական ակցենտով: Ինքս ինձ մտածեցի` լավ, դեռ էնքան չկաս, որ ակցենտներն էդպես լավ տարբերես, իրենից ի՞նչ արաբ: Վերջը հազիվ հերթս հասավ, վճարեցի տոպրակներս վերցրի, կանգնեցի ավտոմատ բացվող դռների առաջ… մի քիչ էլ կանգնեցի, բայց չեն բացվում ախր: Կողքից էդ տղան ծիծաղախառը ժպիտով` էդ դուռը չի աշխատում, էս մեկով պիտի անցնես: Իմ հիմար վիճակից ես էլ ծիծաղեցի, ու միասին դուրս եկանք: Մեկ էլ ոչ մեկ, ոչ երկուս` արևելյան դիմագծեր ունես, արևելքից ես, ճիշտ ե՞մ: Այ քեզ աբստրակտ հասկացություն, արևելք էլ կա, արևելք էլ, դե ասեցի` մի քիչ:

— Սպասի գուշակեմ` հաստատ Ալժիրից ես:

— (Հըըըըը՞)Չէ:

— Բա որտեղի՞ց:

— Հայաստանից:

— Անհնար ա, չէ ախր: Տիպիկ ալժիրցու դիմագծեր ունես: — Ու մինչ ես կմտածեի, թե տեսնես դո՞ւ որտեղից ես, որ էդպես վստահ հայտարարություններ ես անում, ավելացրեց,- Իսկ ես ալժիրցի եմ:

— Ախր թարսի պես դու էլ հեչ նման չես ալժիրցու:

-Հա, գիտեմ:

Մինչ իմ տրամվայի գալը ինքը լիքը բլբլաց, հասցրեց պատմել, թե ինքը որտեղ ա սովորում, ապրում, ու որ փնտրում ա ալժիրցի աղջիկների, չէ՜, վայ, ուրիշ բանի չէ, հասարակ մարդկային շփման համար: :D Նույնիսկ հեռախոսի համարը տվեց, որ փոխանցեմ իմ ալժիրցի ընկերուհուն,  ինչը ես բնականաբար չեմ անի` չնայած իր մեծ ոգևորությանը: :))

Սաղ հեչ, բայց որ կասկածներս հաստատվեցին, էդ փաստ ա ու ոչ ուրախներից: :(

Էս պատմությունը շատերին եմ պատմել, բայց որոշեցի մի հատ էլ էստեղ գրել:

Դեկտեմբերի 18, պրեֆեկտուրայում սպասում եմ, որ վերջապես ժամանակավոր կացության «récépisse» կոչվող թուղթս տան, վրան խփեն մեկանգամյա մուտքի վիզան ու ես կկարողանամ տոները Հայաստան անցկացնելու:  Էս շենքում միշտ կարելի է տեսնել տարբեր ազգերի ներկայացուցիչների` դե չինացիներ պարտադիր, արաբներ բնականաբար, տարբեր անհայտ երկրներից սևամորթներ, մեկ-մեկ ռուսներ, վրացիներ, կովկասյան տարբեր չեչենանման ազգեր, որ չգիտեմինչերեն են խոսում, մեկ էլ հոպ, ու սկսում են առանց ակցենտի ռուսերեն բլբլալ: Բայց հայ ոչ մի անգամ դեռ չէի հանդիպել: Ընդհանրապես հայերն էս քաղաքում քիչ են: Ու հենց էդ սպասողական վիճակում լսում եմ միջանցքի խորքից եկող հայերենին շատ նման խոսակցության ձայներ: Մտածեցի` երևի թվում է: Ձայները կամաց-կամաց մոտեցան ու իրենց տերերի հետ եկան-նստեցին ինձանից ոչ հեռու: Ինչ-որ դարդոտած կին էր` մոտ իմ տարիքի տղայի հետ, թարգմանիչն էլ կողքից: «Ինչ են է՞ ասում, պիտի սպասե՞նք…» Այ մարդ, հա էլի, հայերեն են խոսում: Մի րոպեի չափ կողքից հետևեցի, գնացի հենց իրենց կողքը նստեցի ու դիմեցի կնոջը.

-Բարև ձեզ:
-Բարև… Հայ ես, հա՞:
-Հա: :)
-Բայց հեչ նման չես:
-Իրո՞ք:
-Հա, բա որտեղացի՞ ես: … Երևի սովորում ես, հա՞: …Լեզուն լավ գիտե՞ս,- անկետային հարցերից հետո անցավ իրենց,- Դե մենք էլ եկել ենք հանձնվենք, երևի խաբար չես տենց բաներից:
-Դե մի քիչ գիտեմ, ստեղ ուրիշ հայ ընտանիքներ գիտեմ, որ նույն ճանապարhով են անցել, հիմա արդեն քաղաքացիություն ունեն:
-Ով ե՞ն որ:
-Դե…. օրինակ էսինչն ու էնինչը:
-Հաաա…. (ահավոր բազմանշանակ)
-Էդ ո՞վ են որ, մամ,- չդիմացավ տղան:
էսինչենք, էլի: Դե էն… մարդ են հիմա:

Էնպիսի անկապ զգացողություն էր մոտս, որ էս փոքր քաղաքում, ուր հայ ընտանիքներին կարելի է մատների վրա հաշվել, էլի մարդիկ իրար հետ թարսված են, էլի խումբ-խումբ: Գուցե իմ բախտն է բերել, բայց էստեղի ինձ քիչ թե շատ ծանոթ հայերը բոլորը հրաշալի մարդիկ են դուրս եկել:

Մեր խոսակցությունն էլ համարյա չշարունակվեց, ինձ կանչեցին: Բայց առանձնապես շարունակվելու տեղ էլ չուներ ճիշտն ասած: Մի տեսակ վախեցած ինչ-որ բան կար էդ մարդկանց մեջ, որ վանում էր, գուցե ուղղակի քաշվում էին իրենց կարգավիճակից, ամաչում: Չգիտեմ: Միայն մի բան գիտեմ, որ էս մարդիկ ահավոր դժվարությունների միջով են անցնում տարիներ շարունակ մինչև իրավունք են ստանում օրինական ապրել ու աշխատել, շատ ավելի ծանր, քան մենք պատկերացնում ենք: Ու մտածում եմ` արժե՞ արդյոք… բարդ է:

Դեկտեմբերի 20, Փարիզի Շառլ դը Գոլի օդանավակայանում եմ, կյանքումս առաջին անգամ պետք է մենակ ճամփորդեմ ու ծանր պայուսակները ուսիս փորձում եմ կոմնորոշվել հսկա շենքում: Լիիիիքը մարդիկ են շուրջս, աղմուկ… Ու աղմուկից մի կիսալղոզված կտոր.«Հլը սպասեք, էս աղջիկը հաստատ հայ ա…»

-Հայ ե՞ք:

Մի 30-ին մոտ տղա էր: Զարմացած գլուխս թեքեցի: Տղայի կինը ու մեկ ուրիշ երիտասարդ զույգ կանգնած ինձ էին նայում:

-Հա: :) Ի՞նչ իմացաք:
-Ախր ո՞նց կարելի ա չիմանալ: Տիպիկ հայկական դիմագծեր ունեք, հայի աչքեր: Ես դեռ հեռվից էի հասկացել:

Ծիծաղս եկավ, ընդամենը 2 օր առաջ էր ախր: :)) Էս անգամ խոսակցությունը շատ ավելի ջերմ էր: Փարիզցիներ էին, ուղղակի եկել էին մարդ ճանապարհելու, ձեռքի հետ էլ ինձ մի քիչ ճանապարհեցին, օգնեցին: Վերջում էլ կարոտած ձայնով ավելացրին.

-Մեր կողմից կբարևես մեր Երևանին:

6 տարի Հայաստանում չէին եղել:


enipra

-Իսկ դու ո՞վ ես:
-Ե՞ս… աղջիկ:

=)

Մուտքագրիր քո էլ. փոստի հասցեն` այս բլոգին բաժանորդագրվելու և նոր գրառումների մասին էլ. փոստով տեղեկացվելու համար:

Join 15 other followers

RSS Last.FM վերջին երգեր

  • An error has occurred; the feed is probably down. Try again later.
%d bloggers like this: