A far far away blog

Posts Tagged ‘առևտուր

Էսօր պապան, ինչպես համարյա բոլոր շաբաթ-կիրակիները, երբ հատուկ պլաններ չունենք, գնաց գործի: Ես էլ որոշել էի տանը մնալ, գործերովս զբաղվել, բայց զգացի, որ վաղը հաստատ առանց հաց ենք մնալու, ասեցի` արագ գնամ խանութ, գամ: Տրամվային սպասելուց սկսեցի հեռախոսովս երաժշտություն լսել ու մտքովս անցավ, որ կարելի է պապային զանգել ու ասել, որ խանութ եմ գնում, բայց չուզեցի երգը կիսատ թողնել, շատ լավն էր, հետո էլ մտքիցս թռավ: Գնացի քաղաքի կենտրոն, տեսնեմ` մոտակայքում տոնավաճառ է: Պատկերացրեք մեր վերնիսաժի ու Բանգլադեշի տոնավաճառի խառնուրդը մինի, շաաատ մինի տարբերակով: Հետաքրքիր էր, չդիմացա, խանութիցս մի կանգառ շուտ իջա, որ տեսնեմ, թե էդտեղ ինչ հետաքրքիր բան կա: Շորեղենն անկապ էր ու խանութին հավասար գներով: Մի քանի գեղանկարներ կային, տնտեսական տարբեր ապրաքներ, հեռադիտակներ… Ինձ հիմնականում հետաքրքրեցին պայուսակներն ու զարդերը: Դե մեր վերնիսաժին հաստատ չէին հասնի ոչ բազմազանությամբ, ոչ որակով, բայց էնքանով էր հետաքրքիր, որ աֆրիկյան ու էլ չգիտեմինչական էին, յուրահատուկ գույներով, ձևերով: Վերջը մի կոստառիկացի աղջկանից ականջoղ ուզեցի գնել, մի 2 բառ փոխանակեցինք, հարցրեց, թե ես որտեղացի եմ, ասեց, որ ինքը ընդամենը մի հայ է ճանաչում, էն էլ Ամերիկայից էր: Մեկ էլ հիշեցի, որ ախր մոտս փող չկա, ունեցածս մի բանկային քարտ է, ո՞նց եմ վճարելու: Վազեցի դիմացի մայթ, փող հանեցի, եկա, մեկ էլ ասում է` մի վայրկյան, Հայաստանը ո՞ր մասում ա, Մարոկոյի մոտ չի՞, նոր իմ քարտեզի վրա ման եկա, չգտա: :)) Փորձեցի բացատրել մեր երկրի տեղը, փրկեց էն փաստը, որ գիտեր, որ Վրաստանը Ռուսաստանի մոտ է, դե մենք էլ որ Վրաստանի մոտ էինք, արդեն ինչ-որ բան ասում էր իրեն: Էդպես ասել-խոսելով անցանք գին գցելու պրոցեսին: Ու վատ չստացվեց, ասեմ: :) Վաղուց տենց հայավարի առևտուր չէի արել: :D

Հետո հիշեցի, որ ախր ես հաց առնելու էի եկել: Մի քիչ էլ մտա հագուստի խանութ, էս կողմ, էն կողմ: Վերջը մի կերպ հասա սուպերմարկետ: Ասեցի` լավ, քանի եկել եմ, կարգին առևտուր անեմ, հետո մի քանի օր պատրաստելու բան կունենամ: Տեղը-տեղին առա, ծանր տոպրակով նստեցի հետադարձ տրամվայը: Մտածեցի` լավ, այ հիմա իսկականից զանգեմ պապային, տեսնեմ, թե երբ է տուն գալու: Մի քանի անգամ զանգը գնաց, չէր վերցնում, աշխատանքային հեռախոսով էլ նույնը: Տարօրինակ էր: Եկա տուն, հազիվ հասցրեցի կոշիկներս հանեմ, մեկ էլ դուռը ծեծեցին: Բացում եմ` պապան է, մի մեծ տոպրակ առևտրով: Որոշել էր ինձ անակնկալ անել, գործից շուտ դուրս էր եկել ու խանութ գնացել` հաստատ համոզված լինելով, որ ես ամբող օրը պիտի տանը լինեի: :)

Մեր արածից կարգին ծիծաղեցինք, մի կերպ ինչը ստացվեց խցկեցինք իմ փոքր սառնարանի մեջ, ինչն էլ չէ, դարակներում: Ու տրամադրվեցինք, որ էս շաբաթ պիտի հավեսով ուտենք, որ էդքան ուտելիքը ու հատկապես հացը չփչանան: Էդ միտքը ամենաշատը մամայիս էր դուր եկել` վերջապես վրաներդ մի քիչ կերևա: :)

Պիտակներ՝

Մեր մտերմությունը սկսվեց 2008-ի հոկտեմբերի վերջին, երբ էլ չէի դիմանում առանց սեփական կոմպի ու ամբողջ օրը համալսարանի համակարգչային սենյակում ինտերնետով ընկած կոմպ էի ման գալիս, որ համ լավը լինի, համ էլ թանկ չլինի: Դե էստեղի խանութներում ամերիկյան գների համեմատ տեխնիկան լավ թանկ է, էլ չեմ, ասում, որ ստեղնաշարն էլ azerty է պարտադիր, ինչը ինձ, մեղմ ասած, չէր ոգևորում:

Տարբեր ինտերնետային խանութներ քչփորեցի, բայց վերջը հասա eBay ու մնացի: Ռիսկի գործոնը մեծ էր, հիմնականում աուկցիոններ էին` առանց “Buy it now!” կոճակի, իսկ աուկցիոնում եթե bid ես դնում ու հաղթում ես, չես կարող հրաժարվել, ստիպված ես առնել… Բայց դե լավ էժան բաներ կային ու արժեր փորձել: Ինչ ասես, որ չկար` էլ նոր, էլ օգտագործած, էլ անսարքության պատճառով գործարան տարած, վերանորոգած ու գինը գցած (refurbished)…. Երկար փնտրտուքից, ծանր-թեթև անելուց, մի քանի անգամ bid անելուց ու գործարքը չշահելուց հետո վերջապես գտա ուզածս մոդելը… HP TX սերիայի Tablet PC-ներ: Դա հաստատ սեր էր առաջին հայացքից!! : )

Մեջս բզիկ մտավ, որ դրանցից պիտի առնեմ, հատկապես, որ նկարչական թաբլեթս մոռացել եի Հայաստանում ու հիմա կունենայի 2-ը մեկում: Ու չնայած, որ էդ կոմպերն իրենց հնարավորություններով եսիմինչ չեն, մի քիչ թիթիզ, ժամանցային են, և կային ծրագրավորողին ավելի հարմար Դելլ ու չգիտեմ ինչ «լուրջ» ծնկադիրներ (էս բառը վերջերս եմ սովորել :D), վերջը ընտրեցի HP:

Կոմպս

Սերիայի առաջին մոդելներից էր` TX 1000, օգտագործած կոմպ, ասում էին` ընդամենը մի քանի անգամ միացրել են գովազդային նկարահանումներ անելու նպատակով, ոչ մի բանի ձեռք տված չի, ամեն ինչ գործարանային արտակարգ վիճակում է: Չնայած Երևանից տնեցիք ասեցին` հարիֆացնում ա, ես հավատացի: Ախր էս eBay-ը վստահության ընտիր համակարգ ունի, մարդիկ կան 10000, 100000 գործարքներ են արել ու 95-100% դրական վարկանիշ ունեն, Իմ կոմպի վաճառողն էլ էդպիսին էր: Կարդում ես այլ գնորդների կարծիքները` հրաշալի գործարք էր, խորհուրդ եմ տալիս, շատ բարեհամբույր վաճառող է, հաճույքով նորից կհամագործակցեմ եվ այլն… ու ակամա սկսում ես վստահել: Դիմեցի, ԱՄՆ-ից դուրս չէր ցանկանում ուղարկել, աչքները վախեցած են նիգերական ու այլ օյիններից, բայց ի վերջո տեղի տվեց: Ու եկավ լափթոփս ԱՄՆից երևի մի 20 օրում: Ամեն ինչ այնպես էր, ինչպես նախօրոք ասվել էր: Աքսեսուարների մեծ մասը սկի ցելոֆանից հանված էլ չէր: Մի քանի օր երջանկությունից տեղս չէի գտնում :D

Ու սկսվեց… մի քանի ամիս անց գնեցի նախորդ գրառմանս մեջ փնտրվող կուբիկ-ռուբիկը, որը Չինաստանից Ֆրանսիա ճամփի ծախսով նույնիսկ կրկնակի էժան էր, քան էստեղի խանութներում:

Կուբիկ-ռուբիկ

Կուբիկ-ռուբիկ

Հետո կոմպիս համար առա սիրուն շորիկ` պայուսակ, էլի, նորից Չինաստանից…. Խեղճին այդքան ժամանակ տկլոր էի պահել, հանցագործություն!

Պայուսակիկ

Պայուսակիկ

Դե չափերս չեմ անցնում կամ ինձ տալիս ազարտին, ուղղակի գնում եմ բաներ, որ էդ պահին իրոք պետք են ու էսպես թե էնպես պիտի առնեմ ինչ-որ տեղից: Համ էլ ինձ անակնկալներ եմ անում. ես էլ չգիտեմ, թե գնումս որ օրը կհասնի ու թե ինչպիսին կլինի: Անհամբեր սպասում եմ էն օրվան, որ կբացեմ հանրակացարանի փոստարկղս ու մեջը կգտնեմ թղթիկ` ձեզ փաթեթ է եկել, համեցեք էսինչ տեղը` ստանալու: Ու վազելով գնում եմ! Ամենազվարճալին կուբիկ-ռուբիկի ստանալն էր: Փոքր փաթեթ ու վրան գրված` toy :D  Մեծ աղջիկ ու դեռ խաղալիքներ է փոստով ստանում: :)

Հիմա աչքս կարգին թվային ֆոտոխցիկների վրա է, բայց դե էս անգամ երևի էդպես էլ մնա, որովհետև էդ մեկն առնելու դեպքում հաստատ կմնամ առանց հաջորդ տարվա ուսման վարձի: :))


enipra

-Իսկ դու ո՞վ ես:
-Ե՞ս… աղջիկ:

=)

Մուտքագրիր քո էլ. փոստի հասցեն` այս բլոգին բաժանորդագրվելու և նոր գրառումների մասին էլ. փոստով տեղեկացվելու համար:

Join 15 other followers

RSS Last.FM վերջին երգեր

  • An error has occurred; the feed is probably down. Try again later.
%d bloggers like this: