A far far away blog

Archive for the ‘Ի՞նչ եմ սիրում’ Category

Պիտակներ՝

Գրաֆֆիտի սիրել եմ միշտ: Փոքր ժամանակ ո՜նց էի հիանում մեր թաղամասի շենքերից մի քանիսի ներսում արված նկարներով: Հետո դպրոցի ճանապարհին, էդպես էլ կիսավարտ մնացած մետրոյի կայարանի դարպասներին մի քանի գրաֆֆիտի հայտվեցին, ամեն անցնելուց զմայլվում էի, հրաշքի պես բան էր ինձ համար: Դպրոցական բարձր դասարաններում էլ գունավոր ֆլոմաստերներ էի հետս ման տալիս ու իբր թե գրաֆֆիտիատիպ եռաչափ բաներ էի նկարում, գրմրում բլոկնոտումս: :)) Հետո մի քանի անգամ ստից-մտից փորձեցի կոմպով ու էլ չշարունակեցի: Հաաա, այսինքն հիմա էլ Ֆեյսբուքի Graffiti ծրագրով եմ բզբզում, բայց դե էդ հեչ: :D

Բայց ես իրոք հասկացա, թե ինչ ա գրաֆֆիտին, երբ եկա էստեղ: Դե Փարիզի մետրոյի խզբզած պատերի մասին չեմ պատմելու, այլ հենց իմ քաղաքի` Կլերմոն-Ֆերրանի սիրուն նկարազարդած պատերի: Շատ ա եղել, որ փողոցով քայլել եմ, ընդ որում` քաղաքի կենտրոնական մասերում, մեկ էլ հոպ, մի հատ սիրուն նկար կողքի պատին:  Մեկ-մեկ էնքան ռեալիստական, որ ուղղակի վեր ես թռնում: :)) Էսօր փորփրեցի ինտերնետն ու հայտնաբերեցի, որ տեսածս համարյա բոլոր գրաֆֆիտիների հեղինակը նույն մարդն է` 30քանի տարեկան երիտասարդ` keymi մականունով:

Հետաքրքիր էր ուսումնասիրելը: Ասում է` ուրիշ քաղաքներում երբեք չես տեսնի գրաֆֆիտիներ երևացող տեղերում, բոլորը ջնջում են, վերացնում, իսկ Կլերմոնում ավելի խելամտորեն են վերաբերվում, ընտրում են` ինչը թողնել, ինչը` չէ: Արդեն 4-5 տարի է` նկարում է, ու բնականաբար գործերի մեծ մասն այլևս չկա: Դե, ինչքան էլ ընտրեն, վերանորոգում է, հազար ու մի բան է, մի մասն էլ ստիպված են մաքրում: Բայց ինքն էնքան հանգիստ է վերաբերվում, ասում է` էն պահից, երբ գործն ավարտված է, էլ իմը չէ, փողոցինն է, մարդկանցը: Համ էլ գիրք է հրատարակել 2007-ին, որտեղ պատմում է իր գործունեության, ներկա ու պատմություն դարձած գործերի մասին: Արդեն անհատական պատվերներ է ստանում, ինտերիերներ ձևավորում իր գործերով, վատ չի:

Տեսնես շա՞տ մարդ կա էս քաղաքում, ով դժգոհում է, որ իր քաղաքի պատերին նկարում են ու ամեն անցնելիս փնփնթում է քթի տակ: Հետաքրքիր ա մարդկանց վերաբերմունքը: Ինձ, օրինակ, ամեն գրաֆֆիտի դուր չի գալիս, բայց շատերը  տեսարժան վայրի, քաղաքի այցեքարտի պես բան կարող են դառնալ: Ես, օրինակ, ավելի մեծ հաճույքով կգնամ մի ընտիր գրաֆֆիտի ուսումնասիրելու կամ մոտը նկարվելու, քան ինչ-որ միջակ արձանի կամ թատրոնի շենքի: :)

Իմ ապարատով ֆիքսած գրաֆֆիտիները.

Մնացածները, որոնք ես դեռ չեմ տեսել կամ որոնք արդեն անհնար ա տեսնել, որովհետև վերացվել են, կարող եք նայել էս բլոգում, որն ինքը` keymi-ն, չի վարում, բայց իր գործերի մասին է: Շատ լավերը կան, արժե նայել: :)

Ֆրանսերեն իմացողներն էլ կարող էն նաև կարդալ էս հարցազրույցը: Դե իր մասին էս տեսանյութը նայելիս էլ է ֆրանսերենի իմացությունը ցանկալի, բայց կարելի է ուղղակի իր գործերի համար էլ նայել, եթե գրաֆֆիտիի հետ շատ սեր ունեք: :)

Էս մեկում էլ կարելի է տեսնել, թե ոնց է աշխատատում:

Պրծ!

Մինչև վերջերս Woman In Love-ից բացի բան չէի լսել Սթրայսնդի կատարմամբ, ու իրեն ընդհանրապես չէի լսում, բայց հիմա գտել եմ իմ կարծիքով շաաատ ավելի սիրուն երգեր: Դրա համար էլ հայտնվել էր նախորդ գրառմանս տասնյակում:

Հայտնի Cats մյուզիքլի Memory երգը շատ մարդիկ են երգել, բայց իմ լսած տարբերակներից ամենաշատը Սթրայսնդինն է դուր գալիս: Համ երգն է շատ սիրուն, համ էլ ինքն է արտակարգ երգում: :)

Մի հատ էլ սիրուն երգ` Barbra Streisand — The Way We Were

Պիտակներ՝

Ես էլ պատասխանեմ deghin-ի առաջարկով, թեև պիտի խոստոովանեմ, որ նման հարցումները ինձ միշտ փակուղի են տանում, չեմ կարողանում կողմնորոշվել: Հազիվ ինչ-որ ցուցակ կազմում եմ, ու սկսվում ա` ո՞նց, բա է՞ս, բա է՞ն… :D Ու նույնն էլ հիմա, էնպես որ իմ դեպքում կլինի

Հինգ + հինգ կատարող/խումբ, ում համերգին կցանկանայի ներկա լինել :)))

1. Coldplay

2. Radiohead

3. Muse

4. The Beatles

5. Queen

6. Amy Winehouse

7. Barbra Streisand

8. Sigur Ros

9. SOAD կամ մենակ Սերժ

10. A-ha

Էս էլ սենց: :)

Մեր մտերմությունը սկսվեց 2008-ի հոկտեմբերի վերջին, երբ էլ չէի դիմանում առանց սեփական կոմպի ու ամբողջ օրը համալսարանի համակարգչային սենյակում ինտերնետով ընկած կոմպ էի ման գալիս, որ համ լավը լինի, համ էլ թանկ չլինի: Դե էստեղի խանութներում ամերիկյան գների համեմատ տեխնիկան լավ թանկ է, էլ չեմ, ասում, որ ստեղնաշարն էլ azerty է պարտադիր, ինչը ինձ, մեղմ ասած, չէր ոգևորում:

Տարբեր ինտերնետային խանութներ քչփորեցի, բայց վերջը հասա eBay ու մնացի: Ռիսկի գործոնը մեծ էր, հիմնականում աուկցիոններ էին` առանց “Buy it now!” կոճակի, իսկ աուկցիոնում եթե bid ես դնում ու հաղթում ես, չես կարող հրաժարվել, ստիպված ես առնել… Բայց դե լավ էժան բաներ կային ու արժեր փորձել: Ինչ ասես, որ չկար` էլ նոր, էլ օգտագործած, էլ անսարքության պատճառով գործարան տարած, վերանորոգած ու գինը գցած (refurbished)…. Երկար փնտրտուքից, ծանր-թեթև անելուց, մի քանի անգամ bid անելուց ու գործարքը չշահելուց հետո վերջապես գտա ուզածս մոդելը… HP TX սերիայի Tablet PC-ներ: Դա հաստատ սեր էր առաջին հայացքից!! : )

Մեջս բզիկ մտավ, որ դրանցից պիտի առնեմ, հատկապես, որ նկարչական թաբլեթս մոռացել եի Հայաստանում ու հիմա կունենայի 2-ը մեկում: Ու չնայած, որ էդ կոմպերն իրենց հնարավորություններով եսիմինչ չեն, մի քիչ թիթիզ, ժամանցային են, և կային ծրագրավորողին ավելի հարմար Դելլ ու չգիտեմ ինչ «լուրջ» ծնկադիրներ (էս բառը վերջերս եմ սովորել :D), վերջը ընտրեցի HP:

Կոմպս

Սերիայի առաջին մոդելներից էր` TX 1000, օգտագործած կոմպ, ասում էին` ընդամենը մի քանի անգամ միացրել են գովազդային նկարահանումներ անելու նպատակով, ոչ մի բանի ձեռք տված չի, ամեն ինչ գործարանային արտակարգ վիճակում է: Չնայած Երևանից տնեցիք ասեցին` հարիֆացնում ա, ես հավատացի: Ախր էս eBay-ը վստահության ընտիր համակարգ ունի, մարդիկ կան 10000, 100000 գործարքներ են արել ու 95-100% դրական վարկանիշ ունեն, Իմ կոմպի վաճառողն էլ էդպիսին էր: Կարդում ես այլ գնորդների կարծիքները` հրաշալի գործարք էր, խորհուրդ եմ տալիս, շատ բարեհամբույր վաճառող է, հաճույքով նորից կհամագործակցեմ եվ այլն… ու ակամա սկսում ես վստահել: Դիմեցի, ԱՄՆ-ից դուրս չէր ցանկանում ուղարկել, աչքները վախեցած են նիգերական ու այլ օյիններից, բայց ի վերջո տեղի տվեց: Ու եկավ լափթոփս ԱՄՆից երևի մի 20 օրում: Ամեն ինչ այնպես էր, ինչպես նախօրոք ասվել էր: Աքսեսուարների մեծ մասը սկի ցելոֆանից հանված էլ չէր: Մի քանի օր երջանկությունից տեղս չէի գտնում :D

Ու սկսվեց… մի քանի ամիս անց գնեցի նախորդ գրառմանս մեջ փնտրվող կուբիկ-ռուբիկը, որը Չինաստանից Ֆրանսիա ճամփի ծախսով նույնիսկ կրկնակի էժան էր, քան էստեղի խանութներում:

Կուբիկ-ռուբիկ

Կուբիկ-ռուբիկ

Հետո կոմպիս համար առա սիրուն շորիկ` պայուսակ, էլի, նորից Չինաստանից…. Խեղճին այդքան ժամանակ տկլոր էի պահել, հանցագործություն!

Պայուսակիկ

Պայուսակիկ

Դե չափերս չեմ անցնում կամ ինձ տալիս ազարտին, ուղղակի գնում եմ բաներ, որ էդ պահին իրոք պետք են ու էսպես թե էնպես պիտի առնեմ ինչ-որ տեղից: Համ էլ ինձ անակնկալներ եմ անում. ես էլ չգիտեմ, թե գնումս որ օրը կհասնի ու թե ինչպիսին կլինի: Անհամբեր սպասում եմ էն օրվան, որ կբացեմ հանրակացարանի փոստարկղս ու մեջը կգտնեմ թղթիկ` ձեզ փաթեթ է եկել, համեցեք էսինչ տեղը` ստանալու: Ու վազելով գնում եմ! Ամենազվարճալին կուբիկ-ռուբիկի ստանալն էր: Փոքր փաթեթ ու վրան գրված` toy :D  Մեծ աղջիկ ու դեռ խաղալիքներ է փոստով ստանում: :)

Հիմա աչքս կարգին թվային ֆոտոխցիկների վրա է, բայց դե էս անգամ երևի էդպես էլ մնա, որովհետև էդ մեկն առնելու դեպքում հաստատ կմնամ առանց հաջորդ տարվա ուսման վարձի: :))

Երևի բոլորն էլ կյանքում գոնե մեկ անգամ երազել են հավաքել փոքր ժամանակվա ամենամեծ հանելուկներից մեկը` կուբիկ-ռուբիկը:

Մի փոքր պատմական ակնարկ. որքան էլ հայերի մեծ մասը հաստատ մտածեն, որ էս Ռուբիկը մարդու անուն է, դե բնականաբար հայի, փաստ է, որ ոչ միայն ազգանուն է, այլև հունգարացու: Քանդակագործ ու ճարտարապետ Էռնո Ռուբիկը ստեղծել է խաղալիքը 1974-ին, բայց այն տարածում ստացել է 1980-ին: Այդ տարի արժանացել է Գերմանիայի տարվա խաղալիք մրցանակին ու մինչ այժմ ամբողջ աշխարհում համարվում է ամենալավ վաճառվող խաղալիքը:

Իմ առաջին ու, ինձ թվում էր, վերջին անհաջող փորձն եղել է մոտ 13 տարեկանում, երբ Երևանի էժան խանութներից մեկում չդիմացա 300 դրամով չառնելու գայթակղությանը: Դե էդ պահին մտքովս էլ չանցավ, որ խորանարդիկը հազիվ մի էդքանի էլ որակ ունենար ու որ մի քանի անգամ կտրուկ պտտելու արդյունքում մանր կուբիկների բաժանվելուց ու հավաքվելուց հետո վերջնականապես կտոր-կտոր էր լինելու: Դե ոչինչ, մեկ Է, հաստատ չԷի էլ սովորի հավաքել: Էն ժամանակ ինտերնետի հնարավորություններն էսքան լավ չէի պատկերացնում ու չգիտեի, որ ընդամենը մի քլիքով հնարավոր է կուբիկը հավաքելու հարյուրավոր ալգորիթմներ գտնել ու ինքնուրույն սովորել: Ինձ թվում էր` ուղղակի պետք է էնքան անկապ էս կողմ, էն կողմ պտտեմ, մինչև ինքն իրեն հավաքվի կամ ես ինչ-որ փայլուն գյուտ անեմ! Ջարդվելուց հետո դրանից ձեռք քաշեցի ու էն մոռանալն էր, որ մոռացա:

Ֆրանսիայում հենց առաջին շաբաթների ընթացքում նկատեցի, որ մեր (ուշադրություն!!) մագիստրատուրայի առաջին կուրսի ֆրանսիացի տղաներից մի քանիսը պարբերաբար հետները դասի են բերում լավ չլած, անկյուններում կարգին մաշմշած ու գույները գցած կուբիկ-ռուբիկներ: Շատ էի զարմացել, բայց ասեցի` դե մարդ են, զբաղվում են, էլի: Որոշ ժամանակ անց տեսա, որ հանրակացարանում իմ հարկի աղջիկներից մեկը` Ռեունիոն կղզուց, սենյակից առանց իր անբաժան խորանարդի դուրս չի գալիս, ու ոչ պակաս անբաժան 2 ընկերուհիներն էլ ամբողջ հարկով գոռգոռալով «բալետ» են անում, թե ըհը, քիչ մնաց, ընդամենը մի շարք, դե…. օօօ՜… հավաքեց!! :D

Հետո մեր կուրսի տղաները սովորական 3x3x3 խորանարդը մի կողմ դրեցին ու սկսեցին հետները բերել իմ համար լրիվ նոր գլուխկոտրուկներ` էլ քառանիստեր, էլ ինչ երկրաչափական մարմինների տեսք ասես որ չունեցող:

Իսկ այ վերջին նորությունն էս վերջին նկարինն էր` Rubik’s magic.  

Ես էլ եկա տուն, գործի դրեցի շատերին արդեն հայտնի իմ փնտրող-գտնողական հոբբին ու սկսեցի գուգլել էս տղաների անունները: Եվ ի՜նչ… բոլորը դուրս եկան կուբիկի համաշխարհային ասոցիացիայի անդամներ, Կլերմոն-ֆերանի տեղական մրցումների կազմակերպիչներ ու հաղթողներ… Մի քանիսը մասնակցել էին նույնիսկ Շվեյցարիայի առաջնությանը: Այ քեզ լուրջ բան! Իսկ ամենազվարճալին ու համ էլ տպավորիչն էն էր, որ youtube-ում գտա, թե տղաներից մեկ ոնց է ժամանակ պահում ու վեբ խցիկի առաջ կուբիկը հավաքում մի ձեռքով… հբը! Նույն youtube-ում ինչ ասես չկար Ռուբիկի հայտնագործության մասին, էքսպերտները ցույց են տալիս իրենց շնորհքը, կիսվում փորձով ու մատչելի ձևերով սովորեցնում ուրիշներին:

էդ օրվանից ցեցը նորից ընկավ մեջս ու սկսեցի խանութներում անպայման բաց չթողնել խաղալիքների բաժինները, բայց կուբիկ կամ չէր լինում, կամ ահագին թանկ էր: Ու էդտեղ ես ասեցի` հլը մի րոպե…

Մեկ էլ էն ասեմ, որ ի վերջո ձեռք բերեցի քննություններին պարապելու ամենաթեժ շրջանում ու չնայած դրան` հենց նույն օրն ամեն ինչ մի կողմ դրեցի ու ինտերնետի շնորհիվ սովորեցի հավաքել, հետո էլ` կամաց-կամաց աշխատել արագության վրա: Սկզբում կուբիկը վերադարձնում էի նախնական տեսքին մի 5-6 րոպեում, որովհետև քայլերը խառնում էի իրար ու ստիպված սկսում նորից: :D Դեռ լավագույն արդյունքս 1:53 րոպեն է, ինչն էլի ահավոր դանդաղ է: Շարունակում ենք բարելավել արդյունքները!

Իսկ թե վերջը որտեղից ճարեցի, հաջորդ գրառման մեջ: :)

Պիտակներ՝

enipra

-Իսկ դու ո՞վ ես:
-Ե՞ս… աղջիկ:

=)

Մուտքագրիր քո էլ. փոստի հասցեն` այս բլոգին բաժանորդագրվելու և նոր գրառումների մասին էլ. փոստով տեղեկացվելու համար:

Join 15 other followers

RSS Last.FM վերջին երգեր

  • An error has occurred; the feed is probably down. Try again later.
%d bloggers like this: