A far far away blog

Archive for the ‘Բացահայտում’ Category

Պապաս մի քանի լավ շագանակենու տեղ գիտի էստեղ: Անցած տարի մի անգամ գնացինք իբր հավաքելու, էն էլ հիասթափությամբ պարզեցինք, որ սեզոնը վերջացել է, ու մեզ միայն չորացած, ցամաքած մի քանի շագանակ (каштан) էր սպասում: Էսօր որոշեցինք չուշացնել ու նորից գնալ: Դե հավաքել ասածն էլ հո ծառ բարձրանալ չի նշանակում, այլ ուղղակի արդեն հասած, ընկածները գետնից հավաքել, իսկ էդպիսիք ահագին շատ էին, մի քանի րոպեն մեկ էլ նորերն էին ընկնում:

Ես էլ հավաքելու պրոցեսից էնքան հաճույք էի ստանում, որ ուզում էի անընդհատ նորերն ընկնեն, ես էլ հա հավաքեմ` առանց մտածելու, թե էդ հավաքածը հետո ո՞վ է էդքան ուտելու: :D Բայց էդ ամենը մի կողմ, ես ինձ համար մի փոքր բացահայտում արեցի. ամոթ ինձ, բայց չնայած էս տարիքիս` չգիտեի, թե շագանակներն ինչպես են աճում: Մեր իմացած պտուղը փշոտ, շատ ծակծկող գնդաձև կեղևի մեջ է: Սա արդեն հասած ու բացված վիճակում.

Շագանակ

Էս էլ մեր ավարը: Մի 2-3 կգ կլիներ ամենավերջում: :)

Ավար

Վաղուց էի նկատել, որ էստեղի արաբները ինձ մի տեսակ են նայում, ու կասկածում էի, որ արաբի տեղ էին դնում: Բայց ինձ հույս էի տալիս, որ թվում է, մանավանդ, որ Ասյան` հայ ընկերուհիս (բարև, Աս!), հա ասում էր, թե ախր հեչ նման չես է: :)  Բայց ախր տրանսպորտում, խանութում… ամեն տեղ իրենց հայացքները էլի կասկածների մեջ էին գցում:

Մի քանի օր առաջ խանութում էի: Ես էստեղ արդեն լավ կոփվել եմ հերթերի հարցում, սկզբում շատ անհամբեր էի, իսկ հետո սովորեցի բոլորի պես խելոք կանգնել: Բայց էս անգամ մի դանդաղաշարժ ու մյուսների վրա թքած ունեցող, ժամերով իր ոչուփուչ առևտուրը դասավորող ֆրանսիացի կնոջ ու խանութի կեսն առած, երևի մի 30 հոգանոց թուրք ընտանիքի հարս ու սկեսուրի պատճառով մոտ 10-15 րոպե հերթ էի կանգնած: Հերթի վերջից իտալական ակցենտ ունեցող բողոքավոր տատիկները կծողական բացականչություններ սկսեցին` թե էս ինչ վաճակ ա, հերթը առաջ չի գնում, գոնե մյուս կասսան էլ բացեն, այ քեզ bordel: :D Ես էլ էի նյարդայնացել, էնքան, որ ինձանից հետո կագնած ընդամենը մի հաց ունեցող երիտասարդին որոշեցի առաջ չթողնել, այնինչ սովորաբար կամավոր առաջարկում եմ: Դե ինքը հանգիստ կանգնած էր, իրեն զոռով առաջ չէր գցում, ձեռքի հետ էլ էդ հացը ծայրից սկսել էր ուտել ու օգնում էր իտալացի տատիկներին` թափված իրերը հավաքել: Սպիտակամաշկ տղա էր, կապույտ աչքերով ու բաց շագանակագույն մազերով… ու զարմանալիորեն արաբական ակցենտով: Ինքս ինձ մտածեցի` լավ, դեռ էնքան չկաս, որ ակցենտներն էդպես լավ տարբերես, իրենից ի՞նչ արաբ: Վերջը հազիվ հերթս հասավ, վճարեցի տոպրակներս վերցրի, կանգնեցի ավտոմատ բացվող դռների առաջ… մի քիչ էլ կանգնեցի, բայց չեն բացվում ախր: Կողքից էդ տղան ծիծաղախառը ժպիտով` էդ դուռը չի աշխատում, էս մեկով պիտի անցնես: Իմ հիմար վիճակից ես էլ ծիծաղեցի, ու միասին դուրս եկանք: Մեկ էլ ոչ մեկ, ոչ երկուս` արևելյան դիմագծեր ունես, արևելքից ես, ճիշտ ե՞մ: Այ քեզ աբստրակտ հասկացություն, արևելք էլ կա, արևելք էլ, դե ասեցի` մի քիչ:

— Սպասի գուշակեմ` հաստատ Ալժիրից ես:

— (Հըըըըը՞)Չէ:

— Բա որտեղի՞ց:

— Հայաստանից:

— Անհնար ա, չէ ախր: Տիպիկ ալժիրցու դիմագծեր ունես: — Ու մինչ ես կմտածեի, թե տեսնես դո՞ւ որտեղից ես, որ էդպես վստահ հայտարարություններ ես անում, ավելացրեց,- Իսկ ես ալժիրցի եմ:

— Ախր թարսի պես դու էլ հեչ նման չես ալժիրցու:

-Հա, գիտեմ:

Մինչ իմ տրամվայի գալը ինքը լիքը բլբլաց, հասցրեց պատմել, թե ինքը որտեղ ա սովորում, ապրում, ու որ փնտրում ա ալժիրցի աղջիկների, չէ՜, վայ, ուրիշ բանի չէ, հասարակ մարդկային շփման համար: :D Նույնիսկ հեռախոսի համարը տվեց, որ փոխանցեմ իմ ալժիրցի ընկերուհուն,  ինչը ես բնականաբար չեմ անի` չնայած իր մեծ ոգևորությանը: :))

Սաղ հեչ, բայց որ կասկածներս հաստատվեցին, էդ փաստ ա ու ոչ ուրախներից: :(

Երևի բոլորն էլ կյանքում գոնե մեկ անգամ երազել են հավաքել փոքր ժամանակվա ամենամեծ հանելուկներից մեկը` կուբիկ-ռուբիկը:

Մի փոքր պատմական ակնարկ. որքան էլ հայերի մեծ մասը հաստատ մտածեն, որ էս Ռուբիկը մարդու անուն է, դե բնականաբար հայի, փաստ է, որ ոչ միայն ազգանուն է, այլև հունգարացու: Քանդակագործ ու ճարտարապետ Էռնո Ռուբիկը ստեղծել է խաղալիքը 1974-ին, բայց այն տարածում ստացել է 1980-ին: Այդ տարի արժանացել է Գերմանիայի տարվա խաղալիք մրցանակին ու մինչ այժմ ամբողջ աշխարհում համարվում է ամենալավ վաճառվող խաղալիքը:

Իմ առաջին ու, ինձ թվում էր, վերջին անհաջող փորձն եղել է մոտ 13 տարեկանում, երբ Երևանի էժան խանութներից մեկում չդիմացա 300 դրամով չառնելու գայթակղությանը: Դե էդ պահին մտքովս էլ չանցավ, որ խորանարդիկը հազիվ մի էդքանի էլ որակ ունենար ու որ մի քանի անգամ կտրուկ պտտելու արդյունքում մանր կուբիկների բաժանվելուց ու հավաքվելուց հետո վերջնականապես կտոր-կտոր էր լինելու: Դե ոչինչ, մեկ Է, հաստատ չԷի էլ սովորի հավաքել: Էն ժամանակ ինտերնետի հնարավորություններն էսքան լավ չէի պատկերացնում ու չգիտեի, որ ընդամենը մի քլիքով հնարավոր է կուբիկը հավաքելու հարյուրավոր ալգորիթմներ գտնել ու ինքնուրույն սովորել: Ինձ թվում էր` ուղղակի պետք է էնքան անկապ էս կողմ, էն կողմ պտտեմ, մինչև ինքն իրեն հավաքվի կամ ես ինչ-որ փայլուն գյուտ անեմ! Ջարդվելուց հետո դրանից ձեռք քաշեցի ու էն մոռանալն էր, որ մոռացա:

Ֆրանսիայում հենց առաջին շաբաթների ընթացքում նկատեցի, որ մեր (ուշադրություն!!) մագիստրատուրայի առաջին կուրսի ֆրանսիացի տղաներից մի քանիսը պարբերաբար հետները դասի են բերում լավ չլած, անկյուններում կարգին մաշմշած ու գույները գցած կուբիկ-ռուբիկներ: Շատ էի զարմացել, բայց ասեցի` դե մարդ են, զբաղվում են, էլի: Որոշ ժամանակ անց տեսա, որ հանրակացարանում իմ հարկի աղջիկներից մեկը` Ռեունիոն կղզուց, սենյակից առանց իր անբաժան խորանարդի դուրս չի գալիս, ու ոչ պակաս անբաժան 2 ընկերուհիներն էլ ամբողջ հարկով գոռգոռալով «բալետ» են անում, թե ըհը, քիչ մնաց, ընդամենը մի շարք, դե…. օօօ՜… հավաքեց!! :D

Հետո մեր կուրսի տղաները սովորական 3x3x3 խորանարդը մի կողմ դրեցին ու սկսեցին հետները բերել իմ համար լրիվ նոր գլուխկոտրուկներ` էլ քառանիստեր, էլ ինչ երկրաչափական մարմինների տեսք ասես որ չունեցող:

Իսկ այ վերջին նորությունն էս վերջին նկարինն էր` Rubik’s magic.  

Ես էլ եկա տուն, գործի դրեցի շատերին արդեն հայտնի իմ փնտրող-գտնողական հոբբին ու սկսեցի գուգլել էս տղաների անունները: Եվ ի՜նչ… բոլորը դուրս եկան կուբիկի համաշխարհային ասոցիացիայի անդամներ, Կլերմոն-ֆերանի տեղական մրցումների կազմակերպիչներ ու հաղթողներ… Մի քանիսը մասնակցել էին նույնիսկ Շվեյցարիայի առաջնությանը: Այ քեզ լուրջ բան! Իսկ ամենազվարճալին ու համ էլ տպավորիչն էն էր, որ youtube-ում գտա, թե տղաներից մեկ ոնց է ժամանակ պահում ու վեբ խցիկի առաջ կուբիկը հավաքում մի ձեռքով… հբը! Նույն youtube-ում ինչ ասես չկար Ռուբիկի հայտնագործության մասին, էքսպերտները ցույց են տալիս իրենց շնորհքը, կիսվում փորձով ու մատչելի ձևերով սովորեցնում ուրիշներին:

էդ օրվանից ցեցը նորից ընկավ մեջս ու սկսեցի խանութներում անպայման բաց չթողնել խաղալիքների բաժինները, բայց կուբիկ կամ չէր լինում, կամ ահագին թանկ էր: Ու էդտեղ ես ասեցի` հլը մի րոպե…

Մեկ էլ էն ասեմ, որ ի վերջո ձեռք բերեցի քննություններին պարապելու ամենաթեժ շրջանում ու չնայած դրան` հենց նույն օրն ամեն ինչ մի կողմ դրեցի ու ինտերնետի շնորհիվ սովորեցի հավաքել, հետո էլ` կամաց-կամաց աշխատել արագության վրա: Սկզբում կուբիկը վերադարձնում էի նախնական տեսքին մի 5-6 րոպեում, որովհետև քայլերը խառնում էի իրար ու ստիպված սկսում նորից: :D Դեռ լավագույն արդյունքս 1:53 րոպեն է, ինչն էլի ահավոր դանդաղ է: Շարունակում ենք բարելավել արդյունքները!

Իսկ թե վերջը որտեղից ճարեցի, հաջորդ գրառման մեջ: :)

Այսպիսով, ապրիլի 1-ին, բոլոր կատակները մի կողմ թողած, լրիվ լուրջ-լուրջ հագնված, առաջին անգամ ոտք դրեցի Միշլեն (Michelin): Հենց մուտքի մոտ ժպիտով դիմավորեցին, հարցրեցին գալուս նպատակը, ու մի երիտասարդ ինձ տարավ այն շենքը, որում պիտի աշխատեի: Ինչպես հետո պարզեցի, նա իմ պրակտիկայի պատասխանատուներից մեկն էր ու աշխատելու էինք նույն սենյակում:

Նախ մի բոլ-բոլ պատմեց իրենց ընկերության կառուցվածքի, աշխատանքի սկզբունքների մասին, թեթևակի ներկայացրեց անվադողերի պատրաստման փուլերը ու բացատրեց կոնկրետ իմ պրակտիկայի թեման, որը արտադրական պրոցեսի տարբեր փուլերում անցկացվող տեստերի նախագծումն ու իրականացումն ապահովող ծրագիր պետք է լինի C#-ով: Աստված իմ: :D Դրան հետևեցin բաժնի 9 աշխատողների հետ ծանոթանալն ու ժպիտախառը ձեռքսեղմումները: 9 աշխատող, և իգական սեռի ոչ մի ներկայացուցիչ: :-/

Տարբեր տարիքի տղամարդիկ են, ովքեր ակնհայտ ուրախ էին իրենց կոլեկտիվում աղջկա հայտնվելուն, դեռ մի բան էլ մի քանիսը ինձ ուղեկցող ջահել ղեկավարիս` Ժան Բատիստին, ” Tu as de la chance!” տիպի անկապ կատակներ էին ուղղում, խեղճն էլ կարմրում էր: :))

Մեր սենյակում 3 հոգի ենք: Ինձանից ու Ժան Բատիստից բացի կա Ստեֆանը, որը 30-ն անց, ինչ-որ նիհար շունիկի դեմքով ու համապատասխան մազերով մեկն է, ում բառապաշարի անփոխարինելի մասն են կազմում հետևյալ արտահայտությունները` “Carrément”, “Tu m’étonnes!”, “Nickel!”:

Ամենազվարճալին էն է, որ աղջիկների զուգարան գնալու համար կամ պետք է դուրս գալ ընդհանուր միջանցք, բեջով պաշտպանված դռնով մտնել հարևան բաժինը, հետո նույն ճանապարհով վերադառնալ, կամ պետք է անցնել տղաների զուգարանի միջով: Ինձ խորհուրդ տվեցին օգտվել երկրորդ տարբերակից, ես էլ մինչև հիմա ամաչելով, բայց կիրառում եմ: :D

Ընդմիջմանը մի քանի գործընկերներիս հետ կերանք Միշլենի ճաշարանում, որը մի քանի շենք այն կողմ է: Ինձ էլ` որպես առայժմ մշտական բեջ չունեցողի, կասսայում հաշվեցին դրսի մարդ ու մի թիվ կրակեցին, ես էլ ստիպված տենց թանկ-թանկ կերա, ճարս ինչ:

Ընդմիջումից հետո բաժնի ղեկավարը` զարմանալիորեն երիտասարդ անձնավորություն, անձամբ ինձ ընդունեց, առաջարկեց հենց սկզբից անցնել «դու»-ի ու շարունակեց Միշլենի ստեղծման, աշխարհում ունեցած հաջողությունների պատմությունները, ես նույնիսկ կասեի առասպելներն ու դյուցազնավեպերը :D, ինչից հետո միասին նայեցինք մի քանի րոպեանոց մի տեսնայութ` անվադողերի պատրաստման մասին: Երբեք չէի մտածի, որ իմ աչքին միշտ ռեզինի կտոր երևացող այդ կլոր զանգվածն իրականում լիիիիքը շերտերից է կազմված ու էդքան խառը ստեղծման պրոցես ունի: Բայց դե դա միակ կետն էր, որ ինձ հետաքրքրեց, թե չէ ժպիտս ու դեմքիս հիացական, հետաքրքրված արտահայտությունը հիմնականում շինծու էին:

Ղեկավարը իր պարտքը համարեց նաև ըստ ընդունված ձևերի ինձ ներկայացնել անվտանգության կանոնները, թե որ ազդանշանի դեպքում պետք է անմիջապես լքել շենքը, որի դեպքում ուղղակի իրերը հավաքել ու հրահանգի պատրաստ նստել: Վերջում էլ, ժպտալով ու ինքն էլ ընդունելով, որ դա անում է ուղղակի, քանի որ կարգն է այդպիսին, ինձ տարավ միջանցք ու ներկայացրեց էվակուացման քարտեզը: Ու որոշեցինք միասին հուսալ, որ իմ այնտեղ գտնվելու ընթացքում դրանից օգտվելու անհրաժեշտություն չի լինի: :))))

Նաև տեղեկացրին, որ ինձ համար նախատեսված համակարգիչը դեռ չի հասել, կլինի մի քանի օրից, իսկ մինչ այդ ես պիտի օգտվեմ էստեղի չափանիշներով մի հնադարյան կոմպից: Տվեցին համակարգին միանալու իմ անձնական անունն ու գաղտնաբառը, որը չնայած տառերի, թվերի ու սիմվոլների պատահական հերթականությանը հաջողությամբ պարունակում էր “jrik” տառաշարը, որ ինձ մի լավ ժպտացրեց:

Համակարգին միանալը միացանք, իսկ այ դեպի ինտերնետ մուտքը բացելու համար պետք էր տեստ անցնել: Մինչ տեստը սկսելը կանոններ: Ու այ քեզ բան, պարզվում է, որ համարյա ոչինչ չի թույլատրվում անել իրենց ինտերնետով. բացի էն ամենից, ինչ ամեն տեղ է արգելված, այստեղ արգելված են նաև ամեն տեսակի չաթերը, մեսսենջերները, ֆորումները, ուշադրություն` Միշլենի վեբ մեյլից զատ էլ. փոստի այլ ծառայությունները… օ, իմ սիրելի Ջիմեյլ… և ամենադեմքությունը` Միշլենի մրցակիցների վեբ կայքերը: Ահավոր վախեցած են իրենց անունի, հեղինակության և իհարկե անվտանգության համար, հանկարծ կարող է դու իրենց պատկանող IP-ով մտնես եսիմ ուր կամ ավելի վատ` ինչ-որ մեկը կարող է զարտուղի միջոցներով ինֆորմացիա գողանալ քո մտնելու արդյունքում: Ուուուուո՛՛՛ւյյյ…
Դե տեստը հեչ, ստից բան էր ու չնայած մի քանի սխալ պատասխան տվեցի, էլի եսիմ ոնց մաքսիմում բալ տվեց: Հաշիվս բացեցին ու… արդեն քանի օր է չեմ կարողանում ոչ ինտերնետին միանալ, ոչ գոնե նորաբաց մեյլիցս օգտվել: Ասում են` շուտով դա էլ կլինի: Սպասենք: :)

Դե ինչ, ես շարունակեմ բացահայտել էս նոր աշխարհը, ամենահետաքրքիր մասերն էլ կպատմեմ!

Պիտակներ՝ ,

enipra

-Իսկ դու ո՞վ ես:
-Ե՞ս… աղջիկ:

=)

Մուտքագրիր քո էլ. փոստի հասցեն` այս բլոգին բաժանորդագրվելու և նոր գրառումների մասին էլ. փոստով տեղեկացվելու համար:

Join 15 other followers

RSS Last.FM վերջին երգեր

  • An error has occurred; the feed is probably down. Try again later.
%d bloggers like this: