A far far away blog

Archive for the ‘Ականջդ բեր` ասեմ’ Category

Փաստորեն ստացվեց էնպես, որ խոստումս բացարձակ չկատարեցի ու հիմա բլոգումս գրում եմ միայն կյանքումս մեծ, լուրջ փոփոխությունների ժամանակ:

Վերջին անգամ գրել էի պրակտիկաս սկսելիս: Իսկ երեկ պրակտիկայիս վերջին օրն էր: Ու ահավոր լավ ստացվեց, որ հենց նույն օրը համընկան պրեֆեկտուրայի համար բժկական ստուգումներս ու նոր, արդեն ոչ թե ուսանողական, այլ աշխատանքային բնակության քարտիս (titre de séjour) ստացումը: Անցած շաբաթ պրակտիկայիս պաշտպանությունն էր, էսօր նոր վերջապես ամբողջ տարվա գնահատականներս ստացա փոստով, ու թեև դիպլոմս դեռ ձեռքումս չի, ամեն դեպքում արդեն հանգիստ շնչով կարող եմ ասել, որ վեեերջ, ես մագիստրոս եմ ու երկուշաբթի օրվանից սկսելու եմ աշխատել: :) Էլ ուսանող չեեեմ, վերջ քննություններին, կուրսայիններին ու այլ չարքերին :Ճ

2 օր առաջ էլ հրաժեշտի մաղարիչատիպ երեկո էի կազմակերպել պրակտիկայիս ֆիրմայում` էստեղ շատ ընդունված ավանդույթ, ամեն առիթով կազմակերպում են, մենակ խմելու առիթ լինի :)) Հիմնական թեման տարածս 1 շիշ հայկական «Ախթամար» կոնյակն էր, որը Փարիզի մի հայկական խանութից էի առել ու պինդ-պինդ պահել էդ օրվա համար: Նախ մի քանի հոգի Վիքիփեդիան քչփորելով հայտնաբերեցին, որ մեր կոնյակը 1900 թվին Փարիզում Գրան պրի ա շահել ու արժանացել «կոնյակ» կոչվելու իրավունքին, հետո էլ Չերչիլն էնքան տպավորված ա եղել Ստալինի նվիրած «Դվին» կոնյակով, որ սկսել ա տարեկան 400 շիշ պատվիրել: Դե իրենք էլ ոգևորված համտեսեցին, բայց քանի որ ավելի թեթև խմիչքների են սովոր` գինի, գարեջուր, հազիվ էին խմում ու բոլորը նույն բանն էին ասում` համեղ ա, լավն ա, մենակ թե շատ ուժեղ ա: :)

Հիմա հետաքրքիր տրամադրություն ա մոտս` մի քիչ տխուր, որովհետև արդեն հասցրել էի ահագին կապվել պրակտիկայիս տեղի ժողովրդին, բայց համ էլ ուրախ ու նոր, լավատեսական սպասումներով լի: :)

Advertisements

Վերջ, վեեեեերջ! Այսօրվանից արձակուրդս հայտարարում եմ սկսված: Woohoo!

Ինչ վաղուց չեմ գրել: Կարճ գրեմ միայն, որ մեր ամերիկացի շեֆի հետ հանդիպում ունեցա, որը տեղի ունեցավ մեր անգլախոսության խաղի զույգ օր, ու վերջապես երկար զրույց ունեցանք անգլերենով: Ընդ որում` ինքը սկսեց ֆրանսերենով, իմ առաջարկով անցանք անգլերենի: Վախենում էի` տակից դուրս չեմ գա, բայց լավ էր, նույնիսկ գովեց, թե իր էն ֆրանսիացի գործընկերների չափ եմ խոսում, ովքեր լիքը եղել են Ամերիկայում: :)

Պրակտիկայիս պաշտպանությունն էլ անցավ շատ լավ, նախորդ ուրբաթ էր: Երբեք չեմ մոռանա, թե ինձ ինչքան օգնեցին դրան պատրաստվել Միշլենի 2 ղեկավարներս: 2 անգամ նախապաշտպանեցի իրենց մոտ, ու լիքը ուղղումներ արեցին, խորհուրդներ տվեցին, սլայդերի բովանդակությունը, կառուցվածքն ու դասավորությունը էդ ընթացքում էնքան փոխվեց, որ համարյա ընդհանուր բան չէր մնացել 2-րդ անգամ: Ու էդ ամենից հեչ վատ չես զգում, որ տես, քո վրա սխալներ են բռնում, այլ իրոք մարդիկ անկեղծ ուզում են, որ ամեն ինչ հնարավորինս լավ լինի: Արդյունքում այդպես էլ եղավ: Պաշտպանությանս օրը արդեն ավելի ինքնավստահ էի, հատկապես, որ իրենք էլ էին ներկա: Դասախոսներս գոհ մնացին, արդյունքն իմացա մի քանի օր հետո` 16.5: Պարզվեց` ամենաբարձր գնահատականն է կուրսում, էդքան ստացել էին մեկ էլ 3 ֆրանսիացի տղա: Առաջին անգամ էստեղ ստացած գնահատականիցս իրոք գոհ մնացի! Էդպես ուրախ, թեթևած, ուսերիցս մի մեծ բեռ գցած ևս մի շաբաթ գնացի պրակտիկայի ու երեկ վերջին օրս էր:

ՏոպրակԵս սովորականի պես գնացի գործի, հատուկ ոչինչ չէի նախատեսել, չնայած էստեղ երբեմն փոքրիկ, համեստ հյուրասիրություն են անում նման առիթներով, ասենք, կռուասաններ են բերում: Բայց մի տեսակ անհարմար զգացի, փոխարենը որոշել էի Հայաստանից բերած փոքրիկ հուշանվերներ թողնել նրանց, ովքեր ամենաշատն էին ինձ օգնել ու ում իրոք շնորհակալություն ասելու կարիք էի զգում: Շեֆիս 2 օր առաջ հրաժեշտ տվեցի, արձակուրդ էր մեկնում, վերնիսաժից գնած փայտե գրիչ նվիրեցի` թմբուկներով: Շատ էր շոյվել: Մնացին փոքրիկ փայտե էջանշանները, որոնցից մեկը հասավ հարկի մյուս ծայրում նստող մի անչափ բարեհամբույր կնոջ, մյուսն էլ որոշել էի նվիրել մեր թիմին: Մինչ ես սպասում էի աշխատանքային օրվա ավարտին, որ հրաժեշտի ժամանակ նվիրեմ, մի կես ժամ էր մնացել, մեկ էլ վեր կացան մեր թիմի տղամարդիկ (դե կին չկա էլ :D), մի տեսակ իրար աչքով-ունքով անելով ու բզելով, “Allez, les garçons!” ասելով, մոտեցան Միշլենի սիրուն, գունավոր տոպրակով: Էնպես էի անակնկալի եկել, հեչ չէի սպասում: Պատկերացնում եմ` ինչ հիմար դեմքի արտահայտություն ունեի էդ պահին, ժպտում էի մինչև ականջներիս ծայրը, մի բան էլ ավելի: :D ՊայուսակՄիշլենի ռյուգզագ էին նվիրել ու գիրք` «Միշլենի սագան»: Ես էլ իմ հայկական այբուբենով, Արարատով ու ավանդական նուռ-խաղողով փոքր էջանշանը շուտ հանեցի, նվիրեցի: Վաղուց էին հարցնում, թե մեր լեզուն ինչպիսին է, ինչ այբուբենով ենք գրում: Տեսան, ուսումնասիրեցին, տառերը հաշվեցին, 39-ից մի կարգին զարմացան, Մասիսի մասին իմ կարճ մեկնաբանությունը լսելուց հետո լուրջ-լուրջ հայտարարեցին, որ փաստորեն թուրքերը գողացել են մեր սարը, ու ի վերջո կախեցին պատից: :) Դե հետո ոնց որ լինում է միշտ, բարեմաղթանքներ, հրաժեշտի խոսքեր… :)

Ամբողջ երեկո շարունակում էի ժպտալ, օրվա դրական լիցքերը շատ-շատ էին!
ՆվերՄիշլենի սագան

Հայելի-գրատախտակ

Հայելի-գրատախտակ

Առաջին անգամ ստուդիոյումս (1 սենյականոց բնակարանիկին այդպես են ասում) լողանալուց հետո, երբ բաղնիքիս հայելին մի լավ քրտնեց, նկատեցի, որ մի անկյունում ինչ-որ տառեր են նշմարվում: Սկզբում մտածեցի, թե ուղղակի նմանացնում եմ, ախր նոր էի լվացել, պետք է որ ոչ մի հետք վրան չլիներ: Բայց մոտենալով համոզվեցի, որ իրոք բան է գրված: Ամբողջ հայելին ուշադիր ուսումնասիրելուց հետո հայտնաբերեցի, որ մյուս անկյունում շաաատ թույլ երևացող մի ահագին տեքստ է գրված: Ինքան էլ տանջվում եմ, արդեն որերորդ անգամ չեմ կարողանում կարդալ, բայց հետաքրքրությունից մեռնում եմ, հատկապես որ վերջում էլ սրտիկ եմ տեսնում: :)))) Մի քանի անգամ ալարելուց հետո վերջապես էս անգամ մինչև թաքնված տեքստի անհայտանալը ապարատը վերցրի ու չխկացրի: Մենակ առաջինն է երևում: Չեմ էլ հասկանում, թե ինչ է, կարծես անուն է: Իսկ երկար տեքստն այդպես էլ մնում է հանելուկ… :D

Պիտակներ՝
Մոխրագույնացույց

Մոխրագույնացույց

Աշխատանքային սենյակում` հենց մեջքիս հետևում օրացույց է կախված: Սիրուն, գունավոր, օրիգինալ… բայց ինչ-որ անտրամաբանական: Ամեն ամիս մի գույնի է, ու հեչ չի համապատասխանում ամիսների հետ տրամաբանորեն ասոցիացվող գույներին: Ամենացուրտ ամիսները ամենավառ գույներով են, ամենատաքերը` ամենասառը, ասենք, կապույտ օգոստոս, նարնջագույն փետրվար: Շաբաթ-կիրակիները սպիտակ են: Բայց դա դեռ մի կողմ. տոները, որ ես սովոր եմ միշտ տեսնել տոնական, հիմնականում կարմիր, մոխրագույն են: Բոլոր աշխատանքային օրերը գունավոր, իսկ տոները` մոխրագույն: Երևի դիզայների հատուկ օրիգինալ միտքն է, կամ ով գիտի հատուկ հոգեբանական հնարք, որ ենթագիտակցորեն ազդում է մարդկանց աշխատունակության բարձրացման վրա` ամեն աշխատանքային օր դարձնելով տոն: :D :D :D

Նախորդ գրառումս կարդացածներին ասեմ, որ տպավորություններով հարուստ ու լիքը նոր ինֆորմացիով ապրիլի 1-ս այդքանով չավարտվեց: Ամենակարևորը դեռ առջևում էր: Միշլենից զանգեցի` օդանավակայանում էր: Աշխատանքային օրվա ավարտից հետո անմիջապես զանգեցի, արդեն հասել էր աշխատանքի: Շտապեցի կանգառ, նստեցի արդեն սիրելի տրամվայը ու 20 րոպեից հասա պապայիս: :))

Գնացինք ինձ մոտ, համով-համով ճաշեցինք, բլբլացինք, հանգստացանք, «Երկիր Մեդիա» նայեցինք ինտերնետով :D, երեկոյան հաջող արեցինք ու գնաց կողքի շենքի իր սենյակը: Բայց էդ հեչ, մի շենք էս կողմ, մի շենք էն կողմ, միևնույնն է` միասին ենք:

Հրաշալի զգացողություն է, երբ հարազատներիցդ մեկը կողքիդ է: ՀՐԱՇԱԼԻ!

Արդեն համարյա մի շաբաթ է, ինչ գլխիցս դուրս չի գալիս Ակումբի թեման` «Ե՞րբ եք ձեզ առաջին անգամ մեծ զգացել», ու անընդհատ պտտվում է նույն պատասխանը` հիմա, այ հենց այս պահին:

Հա, չեմ թաքցնում, փոքր ժամանակ ահագին մեծավարի էի ինձ պահում ու մտածում, բայց դե ոչ էնքան, որ ասեին, թե էս երեխեն մեծացած, փոքրացած ա: :D Բայց, օրինակ, ինչքան ինձ հիշում եմ, Ձմեռ պապիկի հեքիաթին չեմ հավատացել, այսինքն` հավատում էի, որ նման մեկը կա հեռու Լապլանդիայում, բայց նաև գիտեի, որ նվերները մաման ու պապան են տալիս: Նաև շատ հասակակիցներիս նման չէի կարող, օրինակ, թելը կապել ինչ-որ պենոպլաստի կտորի ու խնամել որպես շնիկի, դե հիմա ես չոր երեխա էի, տեսնում էր, որ դա ընդամենը թել ու պենոպլաստ է, և ոչ շնիկ: Բայց միևնույն ժամանակ հիանում էի, երբ փոքր քույրս նամակներ էր գրում Ձմեռ պապիկին ու իր համար ամեն անհավանական բանից հավես խաղալիքներ էր սարքում, հետները զրուցում, ընկերանում: Մտածում էի` դե հա, երեխա ա, բա պիտի անի, բա ոնց: :D Չնայած դրան` արդեն դպրոցական տարիքից միշտ ինձ ավելի փոքր եմ զգացել ու երբեք չեմ ցանկացել մեծանալ:

7-րդ, 8-րդ դասարաններում, երբ իմ բակի գրեթե բոլոր ընկերուհիներն արդեն իրենց մեծ աղջկա տեղ դրած բակ իջնում էին միայն թև թևի զբոսնելու, ես դեռ խաղում էի ու հիմնականում նույն փոքր քրոջս ու իր ընկերուհիների հետ:

Դասարանում էլ, կուրսում էլ միշտ եղել եմ տարիքով ամենափոքրերից, համարյա բոլորից մի տարի փոքր: Ու էդպես փոքրավարի զգացողությամբ շարունակում էի մինչև հիմա: Նույնիսկ մի քանի ամիս մեն-մենակ ապրելը զգալի ոչինչ չէր փոխել:

Ու ո՞վ կմտածեր դեռ մի տարի առաջ, որ մի քանի ամիս անց` հիմա, ամեն օր խիստ պաշտոնական հագուկապով մտնելու եմ մի հսկա կազմակերպություն ու ձեռքով գործնական բարևելու լիքը վերնաշապիկավոր ձյաձյաների: Ո՞վ կմտածեր, որ ինքս եմ դիմավորելու ու արդեն մեծավարի որպես հյուր ընդունելու պապայիս, ով ինձ բերեց, տեղավորեց էս անծանոթ քաղաքում, ուր առաջին մի քանի օրը սկի իմ կամպուսում չէի կողմնորոշվում: Ամեն վայրկյան զգում եմ, որ ավելի մեծ եմ, քան առաջ: Չեմ ուզում, բայց մեծանում եմ… Մեծանում եմ կամքիս հակառակ… ինչպես էս մոլորակի մնացած, ավելի քան 6 000 000 000 բնակիչները: :)

Պիտակներ՝

Բլոգ բացելու միտքը վաղուց էր պտտվում ուղեղումս, բայց անընդհատ մի բան խանգարում էր… կամ էլ առիթ էր պետք: Եվ այսպես… նոր երկիր, նոր շրջապատ, նոր մարդիկ, վերջապես նոր բնակարան, ու վերջին ժամանակներում ամենակարևորը` նոր ինտերնետ, էլ ի՞նչ է պակասում… դե իհարկե մի նոր, սիրուն ու, հուսանք, բովանդակալից բլոգ ;D

Արդեն 5 ամիս է` Ֆրանսիայում եմ: Հիմա էն ամենասկզբից չեմ պատմելու, մենակ ամեն օրվա կատարվածը, դիտարկումներս ու հետաքրքիր պահերը: Իսկ արդեն անցած բաներից գուցե ընթացքում մեջբերումներ անեմ: Ամենահետաքրքրասերների համար մենակ ասեմ, որ ապրում եմ Կլերմոն-Ֆերան քաղաքում, սովորում եմ մագիստրատուրայում… ինֆորմատիկա: Թե ինչո՞ւ ինֆորմատիկա, ինչո՞ւ հենց Ֆրանսիայում, դարի հանելուկներից է, որի վրա տանջվում են աշխարհի բազում լայնաճակատ գիտնականներ… ես էլ համեստորեն կլռեմ:

Երկար էի մտածում, թե բլոգս ինչ լեզվով լինի: Իհարկե, անգլերեն գրելու դեպքում ընթերցողները գուցե շատ ավելի լինեն, բայց մյուս կողմից էլ հնարավոր է, որ նրանց շարքում հայտնվեն ֆրանսիացիներ, ովքեր հիմնականում անգլերենից էնքան հեռու են, ինչքան ես… ասենք, չաղանալուց: Դե էդ մի քանի հոգու համար հո ֆրանսերեն չե՞մ գրի… /տո ասա դու էդքան ֆրանսերեն պիտի իմանաս, որ գրես ;D / Բայց մեկ է, որպես հայատառ ինտերնետի զարգացման կողմնակից ու մեր լեզուն ահավոր շատ սիրող ու դրանով գրելուն կարոտ մնացած մեկը` մի կողm դրեցի թիթիզ բաները ու կանգ առա հայերենի վրա: Ով չհասկանա, ներող ))) Մեկ-մեկ, հատուկ տրամադրությունների դեպքում ձեր լեզուներով էլ կգրմրեմ, որ շատ վատ չզգաք: Իսկ նկարների լեզուն, հույս ունեմ, հասկանալի կլինի բոլորին:

Դե բարի սկիզբ, գնացինք!

Պիտակներ՝ , ,

enipra

-Իսկ դու ո՞վ ես:
-Ե՞ս… աղջիկ:

=)

Մուտքագրիր քո էլ. փոստի հասցեն` այս բլոգին բաժանորդագրվելու և նոր գրառումների մասին էլ. փոստով տեղեկացվելու համար:

Join 16 other followers

RSS Last.FM վերջին երգեր

  • An error has occurred; the feed is probably down. Try again later.
%d bloggers like this: